Ուրֆայում հայտնաբերվել է Աբգար թագավորի դամբարանը
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում (պատմական Ուրֆա) հայտնաբերվել է Աբգար Ե թագավորի ընտանեկան դամբարանը: Այս մասին գրում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը:
Նշվում է, որ Ուրֆայում հնագետ մասնագետները լայնածավալ պեղումներ են կատարել մոտ 45.000 քմ. տարածքի վրա, ինչի արդյունքում հայտնաբերվել է 80 հնագույն դամբարան:
Ըստ հնագետների` Աբգար թագավորի դամբարանը գտնվում է բլուրի ամենաբարձր հատվածում, որտեղ նրանք պեղումներ են կատարել: Իր մեծությամբ աչքի ընկնող այս դամբարանն ունի 10 մարդու համար նախատեսված սենյակներ, որոնցից մեկի հատակին հայտնաբերվել է հետաքրքիր խճանկար:
Նշենք, որ Աբգար Ե թագավորը հայտնի է նաև Աբգար Հինգերորդ Ուքքամա անվամբ: Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»` Հայոց թագավոր է, որը քրիստոնեություն է ընդունել 1-ին դարում, այդպիսով դառնալով առաջին քրիստոնյա թագավորը։ Հայ առաքելական եկեղեցու սրբերից է։