Մեկնարկեց ԼՂՀ ԱԺ չորրորդ նստաշրջանը
Սեպտեմբերի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ մեկնարկել են ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ 4-րդ նստաշրջանի աշխատանքները:
Խորհրդարանի նախագահը հակիրճ անդրադարձել է նախորդ ամիսներին ԱԺ գործունեությանը:
Կանոնակարգ օրենքի համաձայն՝ նստաշրջանի մեկնարկին խորհրդարանականները հաստատել են ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը՝ վերընտրելով Ռամելա Դադայանին, Լյուդմիլա Բարսեղյանին և Գագիկ Բաղունցին:
Այնուհետև պատգամավորները քննարկել են օրակարգում տեղ գտած հարցերը:
Այսպիսով՝ խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ԼՂՀ օրենքը, որը միտված է բարձրացնել էկոլոգիական կրթության դերը ԼՂՀ կրթական հաստատություններում, հատկապես նախադպրոցական և հանրակրթական մակարդակներում:
Ազգային ժողովը հաստատել է նաև`
«Թափոնների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ընդերքի մասին ԼՂՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները, որով կատարելագործվում են նշված օրենքների առանձին բաժինների և հոդվածների դրույթները՝ իրավակիրարկման համար ավելի արդյունավետ դարձնելով դրանք:
«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որն ուղղված է նշված օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված արտոնությունից օգտվողների շրջանակի ընդլայնմանը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվություն է ներկայացրել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը:
Նիստին հնչել է նաև պատգամավորական հայտարարություն. պատգամավոր Ռամելա Դադայանը հանդես է եկել կրթության ոլորտում բարեփոխումների՝ մասնավորապես մանկավարժների սոցիալական ապահովվածության մասին հիմնավորումներով:
Ընդմիջումից հետո խորհրդարանը վերսկսել է աշխատանքները և տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:
Կառավարությանանդամները փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ պատասխանել են բյուջեում կատարված փոփոխություններին, Արցախկապ և Ղարաբաղ-տելեկոմ ընկերությունների ծառայություններին, դպրոցների ծանրաբեռնվածությանը, հատուկ կատեգորիայի մարդկանց համար բնակարանաշինությանը, Շահումյանի շրջանի բնակավայրերից երկուսում դպրոցի և հիվանդանոցի շինարարությանը, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող ԱԺ պատգամավորների առաջադրած հարցերին: