ԿԲ-ն իր քաղաքականությամբ աջակցում է նորանշանակ վարչապետին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել։ Եվ այդ փոփոխությունը գոնե ժամանակային առումով համընկել է վարչապետի փոփոխության և նոր կառավարության ձևավորման գործընթացի հետ։
Անցած շաբաթ ԿԲ խորհուրդը որոշել է ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման տոկոսադրույքը 20-ից իջեցնել 18 տոկոսի։ Այս կարևոր տոկոսադրույքը անփոփոխ էր մեկ տարի 8 ամիս և էական ազդեցություն ունի Հայաստանում բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսների վրա։
2014 թ. նոյեմբերին դրամի փոխարժեքը հզոր ցնցումների ժամանակ ԿԲ-ն էլ կտրուկ բարձրացրեց այդ տոկոսադրույքը 12-ից դարձնելով 24, բայց դեկտեմբերին նվազեցրեց 20 տոկոսի։ Ու միայն հիմա է այն նվազեցնում 2 տոկոսով։ Սա կարող է որոշ չափով արժեզրկել դրամը, սակայն կարող է նաև նպաստել բիզնեսի աշխուժացմանը և հարկային եկամուտների աճին։
Ի դեպ այսօր ԿԲ-ն նաև քննարկելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցը։ Եթե որոշվի, որ այդ տոկոսադրույքը նվազեցվում է ոչ թե 0.25 տոկոսով, այլ 0.5,տոկոսով, նշանակում է ԿԲ-ի որոշումը առաջին հերթին պայմանավորված է քաղաքական նկատառումներով և սրանով ԿԲ-ն աջակցելու է նոր վարչապետին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]