Ադրբեջանում հանրաքվեի ժամանակ կոպիտ ընտրախախտումներ են իրականացվել
Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն անց է կացվում կոպտագույն խախտումներով: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, գրանցվել են միևնույն ընտրողների կողմից տարբեր ընտրատեղամասերում մի քանի անգամ քվեարկելու փաստեր:
Բացի այդ, կան Խրդալան քաղաքի ընտրատեղամասում լցոնումներ են կատարվել: Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը պարզել է, որ դպրոցների ուսուցիչները հանձնարարում են երեխաների ծնողներին մասնակցել ընտրակեղծիքներին:
Երրորդ ընտրատեղամասում պաշտոնապես գրանցվել է հանրաքվեին մասնակցած 343, իսկ հինգերորդ ընտրատեղամասում` 430 ընտրող, սակայն դիտորդները գրանցել են միայն 8 և 5 ընտրողների: Ապշերոնյան ընտրական շրջանում քաղաքացիներին բարձրախոսների միջոցով են կանչում հանրաքվեին մասնակցելու:
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տվյալներ այն մասին, որ 15.00-ի տվյալներով հանրաքվեին մասնակցել է ընտրազանգվածի 53.8 տոկոսը: Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները և ոչ իշխանական փորձագետները, սակայն, հակտարարում են, որ այս տվյալները ուռճացված և հորինված են: