211652_close_icon
views-count4152 դիտում article-date 19:40 03-10-2016

Լիոնի «Մարիոթ» հյուրանոցի դահլիճում կայացավ համերգ և ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին

Սեպտեմբերի 30-ին Լիոնի «Մարիոթ» հյուրանոցի դահլիճում կայացավ համերգ և ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Միջոցառումը կազմակերպվել էր Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսության կողմից՝ Լիոնի քաղաքապետ-սենատոր Ժերար Կոլոմբի բարձր հովանավորության ներքո: Ներկա էին Ռոն Ալփի շրջանի պատգամավորներ, քաղաքապետեր, շրջանային և քաղաքային խորհուրդների անդամներ, Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Ռենոն, գործարար, գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներ, հայկական համայնքային կառույցների ղեկավարներ: Ողջունելով ներկաներին՝ փոխհյուպատոս Լուսինե Մովսիսյանն իր ելույթում նշեց, որ 25 տարի առաջ հայ ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու իր դարավոր երազանքը` այդ համատեքստում ընդգծելով պետականակերտման ճանապարհին Եվրոպական միության կողմից ցուցաբերած աջակցությունը: Խոսելով հայ-ֆրանսիական բարիդրացիական հարաբերությունների մասին՝ ՀՀ ներկայացուցիչը բարձր գնահատեց երկու երկրների միջև յուրահատուկ կամուրջ հանդիսացող ֆրանսահայ և, մասնավորապես, Լիոնի հայ համայնքի դերը: Ելույթում անդրադարձ եղավ նաև Երևան և Լիոն քաղաքների միջև համագործակցությանը, մասնավորապես, կրթության բնագավառում` ի դեմս Լիոնի Ժան Մուլեն համալսարանի և Հայաստանի ֆրանսիական համալսարանների միջև ձևավորված փոխգործակցության: Ելույթներով հանդես եկան նաև Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը, Դեսին քաղաքի քաղաքապետը, Օվեղնյ Ռոն Ալպ ռեգիոնի նախագահի ներկայացուցիչը: Ընդունելությանը հաջորդած համերգի ժամանակ Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան Լիոնի կոնսերվատորիայի դասախոս, Լիոնի Դաշնամուրային մրցույթի նախագահ Սվետլանա Եգանյանը, Յոլանդ Կուզնեցովը և Մարկ Դրոբինսկին:

Նմանատիպ նյութեր