211652_close_icon
views-count2238 դիտում article-date 23:00 22-09-2016

Լեհաստանում նույնպես անցկացվելմ է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ Վարշավայում տեղի ունեցավ տոնական համերգ և ընդունելություն, որը կազմակերպվել էր Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից: Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանի Սեյմի պատգամավորներ, սենատորներ, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, անվանի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: «Լեհաստանի ապագան ներկայացնում է Հայաստանի պատմությունը» խորագիրը կրող միջոցառման ընթացքում Լեհաստանի Կալիշ քաղաքի երաժշտական դպրոցի սաները հանդես եկան Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ աշխարհահռչակ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով: Երեկոյի ընթացքում ունեցած իր ելույթում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը ներկայացրել է միջոցառման խորհուրդը, անդրադարձել հայ և լեհ ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Միաժամանակ հանդիսասրահում կազմակերպվել էր Բիեժուն քաղաքի լեհ երեխաների՝ Հայաստանին նվիրված նկարչական մրցույթում հաղթող ճանաչված գեղանկարչական աշխատանքների ցուցադրություն: Միջոցառմանը Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը «Լյուդվիգ վան Բեթհովեն» ասոցիացիայի նախագահ Էլիժբետա Պենդերեցկային հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը՝ Բեթհովենի անվան Զատկի փառատոնի 20-ամյակի կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր