211652_close_icon
views-count1910 դիտում article-date 16:57 20-09-2016

Ջորջ Սորոսը 500 մլն դոլար կհատկացնի միգրացիոն ճգնաժամի հանգուցալուծման համար

Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը 500 մլն դոլար կհատկացնի փախստականներին։ Այս մասին նա գրել է The Wall Street Journal–ում լույս տեսած հոդվածում։ Սորոսը նշել է, որ ներգաղթյալներին ընդունող երկրների կառավարությունները չեն կարողանում փախստականների ինտեգրացիայի արդյունավետ քաղաքականություն մշակել, ինչն էլ հանգեցրել է անկայունության և մարդկային տառապանքների։ Նրա կարծիքով կառավարությունները պետք է առաջատար դեր խաղան միգրացիոն ճգնաժամի հանգուցալուծման հարցում, սակայն շատ կարևոր է գործի դնել նաև ոչ պետական կազմակերպությունները: Այսպես՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վերջերս ամերիկյան ընկերություններին կոչ էր արել ավելի ակտիվ դեր խաղալ միգրացիոն խնդիրների լուծման հարցում։ Այդ կոչին ի պատասխան՝ Սորոսը որոշել է այդ նպատակով 500 մլն դոլար հատկացնել։ «Ես միջոցներ են ներդնում ստարտափներում և սոցիալական նախաձեռնություններում, ինչպես նաև այն ընկերություններում, որոնք հիմնում են հենց միգրանտներն ու փախստականները։ Թեպետ իմ գլխավոր խնդիրը Եվրոպա ժամանող միգրանտներին և փախստականներին օգնելն է, ես փնտրելու եմ լավ ներդրումային գաղափարներ, որոնք օգուտ կբերեն ամբողջ աշխարհի միգրանտներին»,– գրել է ֆինանսիստը։ Սորոսը նշել է, որ սերտորեն համագործակցելու է ՄԱԿ՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և Փրկության միջազգային կոմիտեի հետ։

Նմանատիպ նյութեր