Ազատությունը Հայաստանում ու ԼՂՀ-ում 2016 թվականին
«Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը աշխարհում 2016» (Freedom in the World 2016) ամենամյա զեկույցը, որը ներկայացնում է 2015 թ. հունվարի մեկից մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը աշխարհի 195 երկրներում և 15 վիճելի տարածքներում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը: Զեկույցը բաժանում է երկրներն ու վիճելի տարածքները երեք խմբի՝ ազատ, մասնակիորեն ազատ և անազատ:
«Ֆրիդոմ Հաուսի» այս զեկույցը, ինչպես և նախկին տարիների հրապարակումները, անդրադարձել է ՀՀ և ԼՂՀ ազատության և ժողովրդավարության միտումներին: Հայաստանը, ըստ այդ զեկույցի, մասնակիորեն ազատ երկիր է: Այն 100 բալանոց համակարգով ստացել է 46 միավոր, ընդ որում 0-ն վատագույն միավորն է, իսկ 100-ը՝ լավագույնը: Հարևան Վրաստանը իր 64 միավորով գրեթե 20 բալով Հայաստանից առաջ է, իսկ Ադրբեջանը՝ իր 16 միավորով դասվել է անազատ երկրների շարքին:
Հարկ է նշել, որ հերթական անգամ Հայաստանը հիշատակվում է որպես Եվրասիական տնտեսական միության ամենաազատ երկիր՝ առաջ անցնելով Ղրղզստանից (38 միավոր), որը ևս դասակարգվել է մասնակիորեն ազատ երկրների շարքին: Բելառուսը, Ղազախստանը և ՌԴ-ն իրենց հերթին բնականաբար դասվել են անազատ երկրների շարքին:
Լեռնային Ղարաբաղի ցուցանիշը Հայաստանից ավելի ցածր է՝ 33 միավոր, սակայն այն ևս մասնակիորեն ազատ կարգավիճակ ունի: