211652_close_icon
views-count2520 դիտում article-date 18:04 19-09-2016

Կուսումնասիրվեն Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի այգում ծառերի հնարավոր չորացման ահազանգերը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Շարունակվում են նաև «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքները: Շինարարական ծրագրերի մասով հանձնարարվել է շարունակել հսկողությունն իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ: Անդրադառնալով վերոնշյալ հատվածներում ծառերի հնարավոր չորացման հետ կապված համաքաղաքացիների կողմից վերջերս հնչեցված ահազանգերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել դրանց իսկությունն ու մշտական հսկողության տակ պահել տվյալ տարածքների ծառերի և կանաչապատ հատվածների պատշաճ խնամքի ապահովումը: «Ահազանգեր ենք ստանում մեր համաքաղաքացիներից, որ թե´ Վերնիսաժի և թե´ Գլխավոր պողոտայի Սարյան փողոց- Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում, որտեղ ներկայում ընթանում են բարեկարգման աշխատանքներ, ծառերը չորացել են: Բազմիցս եմ նշել, որ մայրաքաղաքի կանաչապատումը, կանաչ տարածքների ընդլայնումն ու պահպանումը եղել և մնում է մեր առաջնահերթություններից մեկն ու պետք է լինի մեր մշտական ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ տեղերում ուսումնասիրեք հնչեցված ահազանգերի իսկությունն ու անհրաժեշտության դեպքում շտապ միջոցներ ձեռնարկեք: Ի դեպ, պարբերաբար նաև իրազեկեք մեր համաքաղաքացիներին, որ վերոնշյալ տարածքներում ընթացող բարեկարգման աշխատանքների շրջանակում մենք նախատեսել ենք նաև ընդլայնել առկա կանաչ տարածքները և այդ համատեքստում մեզ համար առանձնակի կարևոր է տվյալ հատվածներում առկա յուրաքանչյուր ծառի պահպանումն ու պատշաճ խնամքի ապահովումը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր