Բեռլինում այսօր անցկացվում են տարածաշրջանային խորհրդարանի և ՏԻՄ ընտրություններ
Բեռլինում, որն ունի երկրամասի կարգավիճակ, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, անցկացվում են տարածաշրջանային խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 8.00-ին:
Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի մոտ 2,5 մլն մարդ: Գերմանիայի մայրաքաղաքում բացվել է 1800 ընտրատեղամաս: Բեռլինի խորհրդարանում 130 տեղի համար պայքարում են 21 կուսակցություններից 927 թեկնածուներ:
Infratest dimap ինստիտուտի անցկացրած հարցումների համաձայն՝ հարցվածների 21%-ը աջակցում է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, որին հաջորդում է Քրիստոնյա-դեմոկրատական միությունը՝ 19%, այնուհետև՝ «Միություն-90»/«Կանաչները»՝ 16%, Ձախ կուսակցությունը և 2013թ. ստեղծված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 15-ական տոկոս: