Քչերը գիտեն, որ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կառուցվել է Գեթսեմանի մատուռի տեղում
Գեթսեմանի մատուռը Հին Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկն է եղել։ Նրա տեղում է կառուցվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը։
Մատուռի շուրջն է եղել հին Երևանի գերեզմանոցը՝ օրորոցաձև և տապանաձև բազմաթիվ գերեզմանաքարերով։ Ենթադրվում է, որ մատուռի տեղում նախապես եղել է փոքրաչափ, Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու նմանությամբ, 11 - 13-րդ դարերի կառուցված մի գմբեթավոր եկեղեցի։
1679 թվակյանի երկրաշարժից ավերվելուց հետո, այդ տեղում, նույն դարի վերջին, կառուցվում է մատուռը։ Այն իր հորինվածքով պատկանում էր միանավ թաղածածկ եկեղեցիների տիպին։ Աղոթասրահի արևելյան կողմում տեղավորված էր կիսաշրջան խորանը, առանց ավանդատների։
Պատերին ագուցված խաչքարերի վերևում եղած հիշատակությունները վերաբերում են 17-րդ դարի վերջին, որը և համարվում է նրա կառուցման ժամանակը։
1901 թվականին մատուռը նորոգվել է, կտուրը թիթեղապատվել՝ Երևանի քաղաքագլուխներ Իսահակ և Հովհաննես Մելիք-Աղամալյանների նվիրատվությամբ։
Մատուռը քանդվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ այն ժամանակ Ժողովրդական տան կառուցման նպատակով։ Ալեքսանդր Թամանյանը որոշել էր Մատուռը այլ տեղում վերակառուցել, որը սակայն չի իրականացել, քարերի կորստի պատճառով։