Կարեն Կարապետյանը պետք է թեթևացնի հարկային բեռը. ՀԿ նախագահ
Պետությունը հարկերով չեն պահում, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է թեթևացնի հարկային բեռը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՀՀ-ում ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանը:
«Կառավարությունները գալիս գնում են, օրենքներ ընդունում, սակայն նայում ես, որ ընդունված օրենքների նկատմամբ վերահսկողություն չկա: Ձեզնից որևէ մեկ տեսե՞լ է, որ ավտոբուսը կամ գազելը կանգնի կանգառում: Դրա համար մեծ խելք պետք չէ, կխնդրեի նոր վարչապետին, յուրաքանչյուր ոլորտում նշանակի մասնագետի, մարդու, ով գիտի ոլորտի խնդիրները»,- ասաց Օղլուկյանը:
Նրա դիտարկմամբ տրանսպորտի ոլորտը վերահսկող տաբեր մարմիններ կան, սակայն օրենքները չեն պահպանվում: Ավելին՝ ինչ-ինչ համագործակցության, մանր կոռուպցիայի հետևանքով օրենքն անտեսվում է. «Մենք ունենք Տրանսպորտի նախարարություն, տրանսպորտի տեսչություն, քաղաքապետարանում տրանսպորտի վարչություն և եկեք գումարենք, տեսնենք, թե այդ բանակը քանի հոգի է և երբևէ դրանցից քանիսի՞ն ենք տեսել կանգառներում աշխատելիս: Չկան»: