211652_close_icon
views-count2819 դիտում article-date 17:16 13-09-2016

Հայ աշակերտները նվաճել են 6 մեդալ` մեգապոլիսների առարկայական օլիմպիադայում

Սեպտեմբերի 4-9-ը Մոսկվայում առաջին անգամ անցկացվել է Մեգապոլիսների օլիմպիադան` "Մաթեմատիկա", "Ֆիզիկա", "Ինֆորմատիկա" և "Քիմիա" առարկաների գծով։ Միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 22 քաղաքների 14-18 տարեկան աշակերտները, որոնց թվում էր նաև Երևանի թիմը։ Հայկական թիմը կազմված էր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Քվանտ վարժարանի 8 աշակերտներից` Բիլոր Կուրղինյանի և Դավիթ Մինասյանի ղեկավարությամբ: Օլիմպիադան անցկացվել է երեք փուլերով՝ բլից-տուր, առարկայական օլիմպիադա և մշակութային ծրագիր: Բլից-տուրի արդյունքներով հայկական թիմը զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ առարկայական օլիմպիադայի ընթացքում գրավել 2-րդ տեղը` արժանանալով համապատասխան գավաթի և դիպլոմի: Անհատական արդյունքներով` հայ աշակերտները նվաճել են 4 արծաթե /ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Միքայել Մկրտչյանը և Սերգեյ Ներսիսյանը` մաթեմատիկայից, Դավիթ Գևորգյանը` ֆիզիկայից, Խաժակ Գալստյանը` ինֆորմատիկայից/ և 2 բրոնզե մեդալներ /Քվանտ վարժարանի աշակերտ Համլետ Միքայելյանը` ինֆորմատիկայից և Ֆիզմաթ դպրոցի աշակերտ Հայկ Հարությունյանը` քիմիայից/: Մշակութային մասում Երևանի թիմը հաջողությամբ մասնակցել է նաև քաղաքային քվեստ-զբոսանքին՝ գրավելով պատվավոր 3-րդ տեղը և արժանանալով պատվոգրերի։ Միաժամանակ աշակերտները ծանոթացել են Ռուսաստանի պատմությանը, այցելել մի շարք տեսարժան վայրեր: Մեգապոլիսների օլիմպիադայի մասնակիցներին մրցանակները հանձնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը` վստահեցնելով, որ օլիմպիադան կլինի շարունակական:

Նմանատիպ նյութեր