211652_close_icon
views-count517 դիտում article-date 18:13 06-10-2026

Հայ աշակերտները 4 մեդալ են նվաճել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանը ներկայացնող դպրոցականները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ են նվաճել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 19-րդ օլիմպիադան անցկացվել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը, օլիմպիադային մասնակցել է 64 երկրի 320 աշակերտ (յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 5 աշակերտ)։

Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ռուզաննա Շիրոյանը, Նատալի Մարգարյանը և Բագրատ Բագրատյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտ Էմիլ Հարությունյանն ու «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի սան Դավիթ Բադալյանը:

ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Ռուզաննա Շիրոյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Նատալի Մարգարյանը, Բագրատ Բագրատյանը և Էմիլ Հարությունյանը։

Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտակի, տվյալների վերլուծության և պլանետարիումի։

Հայաստանի թիմը ղեկավարել են Արտաշես Մկրտչյանը (ԵՊՀ, «Երևանէն» գիտակրթական հիմնադրամ) և Արտավազդ Հարությունյանը (ԵՊՀ, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց)։

 

Նմանատիպ նյութեր