211652_close_icon
views-count6079 դիտում article-date 15:51 09-09-2016

«Եթե ցանկանում ես խելացի լինել, սովորիր ողջամիտ հարցեր տալ, ուշադիր լսել, հանգիստ պատասխանել և դադարել խոսել այն ժամանակ, երբ էլ ասելու ոչինչ չկա»․ Լև Տոլստոյ

Լև Տոլստոյի կրոնական և բարոյական իմպերատիվներն աղբյուր հանդիսացան տոլստոյականության շարժման համար, որը կառուցվել էր երկու հիմնարար դրույթների վրա՝ «պարզեցման» և «չարին բռնությամբ չընդդիմադրելու»։ Վերջինը, համաձայն Տոլստոյի, ամրագրված է Աստվածաշնչում և Քրիստոսի ուսուցման, ինչպես նաև՝ բուդդայականության առանցքն է հանդիսանում։ Քրիստոնեության էությունը, ըստ Տոլստոյի, կարելի է արտահայտել մի պարզ կանոնով. «Եղի՛ր բարի և մի՛ ընդդիմացիր չարին՝ բռնությամբ» («Բռնության օրենք և սիրո օրենք», 1908)։ Տոլստոյի ուսմունքի կարևորագույն հիմքը դարձան Աստվածաշնչի՝ «Սիրե՛ք ձեր թշնամուն» արտահայտությունը և Լեռնային քարոզը։ Նրա ուսուցման հետևորդները՝ տոլստոյականները, պահպանում էին Լև Նիկոլաևիչի հռչակած հինգ պատգամները՝ մի՛ զայրացիր, մի՛ շնացիր, մի՛ երդվիր, չարին բռնությամբ մի՛ ընդդիմացիր, սիրի՛ր թշնամուդ՝ ինչպես քո հարազատին։ Ուսմունքի հետևորդների շրջանում, և ոչ միայն, մեծ ժողովրդականություն էին վայելում Տոլստոյի «Որն է իմ հավատը», «Խոստովանություն» և այլ գրքեր։ Տոլստոյի՝ կյանքի ուսուցման վրա ազդել են տարաբնույթ գաղափարական հոսանքներ՝ բրահմայականությունը, բուդդայականությունը, կոնֆուցիականությունը, իսլամը, ինչպես նաև՝ բարոյախոս-փիլիսոփաների ուսմունքները (Սոկրատես, ուշ շրջանի ստոիկներ, Կանտ, Շոպենհաուեր)։ Տոլստոյը մշակել էր ոչ բռնի անիշխանության հատուկ գաղափարախոսություն. այն կարելի է բնութագրել որպես քրիստոնեական անիշխանություն, որը հիմնվում էր քրիստոնեության խոհամիտ իմաստավորման վրա։ Բռնությունը չարիք համարելով, նա ենթադրում էր պետության լուծարում, բայց ոչ թե բռնության վրա հենված հեղափոխության, այլ՝ ցանկացած պետական պարտավորությունից հասարակության յուրաքանչյուր անդամի ինքնակամ հրաժարվելու ճանապարհով, լինի դա զինապարտություն, հարկերի վճարում և այլն։ Լև Տոլստոյը ենթադրում էր. «Անարխիստները ճիշտ են ամեն ինչում. նրանք մերժում են գոյություն ունեցող բարքերը և հաստատում, որ այդ պայմաններում ոչինչ չի կարող իշխանության բռնությունից ավելի վատ լինել: Սակայն նրանք չարաչար սխալվում են՝ կարծելով, թե անիշխանություն կարելի է հաստատել հեղափոխության միջոցով»։ Լև Տոլստոյի «Աստծո արքայությունը ձեր մեջ է» աշխատության մեջ ոչ բռնի ընդդիմության գաղափարը մեծ ազդեցություն է ունեցել Մահաթմա Գանդիի վրա, ով ռուս գրողի հետ նամակագրական կապի մեջ է եղել։ Ռուսական փիլիսոփայության պատմաբան Վասիլի Զենկովսկու կարծիքով Լև Տոլստոյի հսկայական փիլիսոփայական նշանակությունը, ոչ միայն Ռուսաստանի համար, մշակույթը կրոնական հիմքի վրա կառուցելու նրա ձգտման և ապակրոնականացումից ազատվելու նրա սեփական փորձի մեջ է։

Նմանատիպ նյութեր