211652_close_icon
views-count31668 դիտում article-date 15:36 05-05-2024

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mercedes»-ը, որի վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց, վերածվել է մետաղե ջարդոնի, վարորդը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են «Mercedes»-ն ու վրացական համարանիշներով «Chevrolet»-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Ղազարյանն ու Քաջիկ Սմբատյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և հայտնվել ծառերի ու ապառաժ քարերի վրա։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ, վիրավորներն էլ նրա կինն ու երեխան են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր