211652_close_icon
views-count39928 դիտում article-date 14:45 05-05-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունն ու գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր. մինչ պարեկների ժամանումը՝ 8 մլն արժողության համարանիշներով «Toyota»-ով ժամանած անձինք փորձում էին տեղափոխել մեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Եղիազարյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Սեմուր ընդ կո»-ի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապակել այն և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում գտնվող ևս 3 հոգի, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտուշ Միրաքյանն ու Արթուր Մադոյանը։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո 8 մլն արժողությամբ համարանիշներով «Toyita Camry» մակնիշի ավտոմեքենայով ժամանած ինչ-որ անձինք փորձում էին վերամբարձ կռունկի միջոցով մեքենան տեղափոխել, սակայն պարեկների օպերատիվ ժամանման շնորհիվ այն կանխվեց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ներկայացուցիչները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված անձանցից միայն վարորդն է դիմել բուժօգնության։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր