211652_close_icon
views-count4548 դիտում article-date 10:39 01-02-2019

Եթե խոսել չես կարողանում, սովորիր լռել․ նորերը փորձում են լրացնել Մաեստրոյի տեղը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ շատերը կատակում էին, թե կարոտելու են Գալուստ Սահակյանին, որը իր հայտնի ձևակերպումներով ուրույն տեղ էր զբաղեցնում երկրի քաղաքական կյանքում: Ինչ իմանային կատակողներն ու Գալուստ Սահակյանը, որ սուրբ տեղը ոչ միայն դատարկ չի մնա, այլև նոր իշխանության առանձին ներկայացուցիչներ նոր լիցք կհաղորդեն պարոն Սահակյանի թողած «ժառանգությանը»: Ճիշտ է՝ նորերը դեռևս չունեն այն խարիզման, որով ինքն իրեն օժտել էր Սահակյանը, բայց փոխարենը ունեն մի շարք դեմքեր, որոնք համառորեն փորձում են լրացնել Մաեստրոյի տեղը: Վերջին շրջանում Մաեստրո Սահակյանի մտքի գոհարները, սակայն, ընկալվում էին ոչ միայն պարզապես լեզվի սայթաքում, այլ միտումնավոր լղոզված ու հումորային պատասխաններ, որոնցով նա կամ խուսանավում էր լրագրողներից, կամ փորձում էր այս կամ այն աղմկոտ թեմայի շուրջ հայտնել իշխանական տեսակետը, պարզապես այլ երանգներով, անուղղակի կերպով: Նորերն, այս իմաստով, դեռևս չեն կատարելագործել իրենց տեխնիկան: Նրանց՝ քննարկվող ձևակերպումներն առավելապես դեռ լեզվի սայթաքման մակարդակում են, հաճախ նույնիսկ միջպետական սկանդալի պոտենցիալ ունեցող սայթաքման: Եվ եթե Գալուստ Սահակյանի դեպքում գործ ունեինք իշխանությունների անուղղակի խոսնակի հետ, ապա նոր իշխանության դեպքում անհայտ է, թե արդյո՞ք լեզվի սայթաքման շքերթի մասնակիցները փոխանցում են իշխանության տեսակետը, պարզապես այլ, ոչ ռացիոնալ լեզվով, թե դա անում են առանց միտումի, բնական հոգեվիճակից ելնելով: Այս պարագայում տեղին է հիշել ժողովրդական հայտնի խորհուրդը՝ եթե խոսել չես կարողանում, գոնե սովորիր լռել: Ավելի լավ տարբերակ մարդկությունը դեռ չի հնարել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր