211652_close_icon
views-count56178 դիտում article-date 22:42 05-05-2024

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ Դ. Վարուժանի դպրոցի դիմաց բախվել են 2 «Toyota»-ներն ու «Honda»-ն․ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ վիրավորներին, վառվող ավտոմեքենայից, դուրս են բերել քաղաքացիները՝ վտանգելով իրենց կյանքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց, վերգետնյա անցման մոտ բախվել են «Toyota Camry», «Toyota Corolla» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota»-ներից մեկում հրդեհ է բռնկվել։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր նաև վտանգելով իրենց կյանքը, վառվող ավտոմեքենայի միջից դուրս են բերել վիրավորին, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խմբի փրկարարները՝ խմբի պետ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ, պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մարել «Toyota»-ում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալներ Անդրանիկ Խաչատրյանի, Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական  վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի վայրում աշխատել է  նաև փրկարար-հոգեբանը, ով հոգեբանական օգնություն է ցուցաբերել վիրավորների հարազատներին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 171+
171+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր