ՄԱԿ-ի փորձագետը գնահատական կտա Ադրբեջանում իրավապաշտպանների հետ կապված իրավիճակին
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորսթը սեպտեմբերի 14-22-ը որպես պաշտոնական առաքելության ղեկավար, Ադրբեջանում կուսումնասիրի իրավապաշտպանների հետ կապված իրադրությունը, հաղորդում է contact.az-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի հրապարակած մամուլի հաղորդագրությանը։
Ֆորսթը տվյալներ կհավաքի Ադրբեջանում այն խնդիրների մասին, որոնց բախվում է քաղաքացիական հասարակությունը։ Այցը տեղի է ունենալու Ադրբեջանի կառավարության հրավերի շրջանակում։
Անկախ փորձագետ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հանձնակատարը հանդիպելու է այդ երկրի պաշտոնատար մի շարք անձանց, դատական համակարգի ներկայացուցիչների, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ։
Ամփոփիչ զեկույցը նա Մարդու իրավունքների հարցերով խորհրդին կներկայացնի 2017 թվականի մարտին։