ԱՄՆ դեսպանատան ծրագրով վերանորոգվել է Դավթաշենի թիվ 59 մանկապարտեզը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան իրականացրած ծրագրի շնորհիվ վերանորոգվել է Երևանի Դավթաշենի թիվ 59-ը մանկապարտեզը: Այս մասին մամլո հաղորդագրություն է տարածել ԱՄՆ դեսպանատունը:
«Վերանորոգման աշխատանքները ֆինանսավորել է ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակը: Աշխատանքների համար հատկացվել էր 285.000 ԱՄՆ դոլար, իսկ 2009թ.-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրերի շրջանակում Հայաստանում իրականացվել են վերանորոգման 26 ծրագրեր՝ ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:
«Երեխաներին անհրաժեշտ է ապահով ու հյուրընկալ միջավայր և կարծում եմ այս վերանորոգման շնորհիվ այստեղ նրանց համար դա ապահովված է»,- սեպտեմբերի 6-ին ժապավենը կտրելու հանդիսավոր արարողության ժամանակ ասաց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը: Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Դավթաշեն համայնքի պաշտոնատար անձինք:
Ծրագրի շրջանակում վերանորոգվել են նախկինում չգործածվող մի քանի սենյակներ ու մանկապարտեզի սանհանգույցները: Շինարարական աշխատանքներն ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի վերահսկողության ներքո իրականացվել են ՍԵՍԿՈ ընկերության կողմից: Վերանորոգման շնորհիվ մանկապարտեզը կարողացավ իր դռները բացել հերթում սպասող շուրջ 100 երեխաների համար և որակյալ կրթությունը հասանելի դարձնել ավելի շատ երեխաների համար:
«Ուրախ եմ այսօր այստեղ գտնվել և հպարտ եմ, որ դեսպանատունն իրականացրել է այս ծրագիրը, քանզի այս փոքրիկներն են, որ պետք է շարունակեն այն քայլերը, որ մենք տեսնում ենք Հայաստանում. այս փոքրիկներն են, որ պետք է տեր կանգնեն բարելավված Հայաստանին և այն դարձնեն ավելի լավը: Իսկ կրթության շնորհիվ, որը սկսում են ստանալ հենց այստեղից, այս գեղեցիկ վերանորոգված շենքից, նրանք առավել ունակ կլինեն դա անել», - ասաց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը»,- ասված է հաղորդագրության մեջ: