211652_close_icon
views-count34918 դիտում article-date 23:29 28-08-2016

Կտրեց ձեռքի և ոտքի երակները, թույն խմեց, տաք լոգանք ընդունեց և մահացավ շոգեբաղնիքում՝ գոլորշուց

[b]«Սենեկան ողջունում է Լուցիլիուսին: Այն ինչ ինձ գրել ես և այն ինչ լսել եմ քո մասին, ինձ հույս է տալիս: Դու չես թափառում, քեզ չես անհանգստացնում տեղափոխություններով: Թափառումը հիվանդ հոգու նշան է: Կարծում եմ հոգու հանգստության առաջին հայտանիշներն են՝ նստակայց ապրելու ունակությունը և ինքն իր հետ ներդաշնակությունը: Տես. Տարբեր հեղինակների և զանազան գրքերի ընթերցումը նման չէ՞ թափառականության և քոչվորության: Եթե ուզում ես կորզել մնայուն ինչ-որ բան, պետք է երկար մնաս այս կամ այն մեծ մտածողի հետ, նրանով սնես հոգիդ: Ով ամենուր է, նա ոչ մի տեղ է: Ով կյանքը անց է կացնում թափառումով, նա շատ հյուրասիրողներ է ունենում, բայց ոչ ընկերներ: Նույնը կկատարվի նաև նրա հետ, ով ոչ մի մեծ մտածողի հետ չի հարմարվի, այլ շատերի կողքով կվազի հապճեպ: Սնունդն անօգուտ է և մարմնին ոչինչ չի տալիս, եթե այն դուրս է գալիս կուլ տալուց անմիջապես հետո: Առողջությանը ոչ մի բան այնքան վնաս չէ, ինչքան դեղամիջոցի հաճախակի փոփոխությունը: Վերքը չի ապաքինվի, եթե նրա վրա տարբեր սպեղանիներ դնես: Բույսը չի ամրանա, եթե այն անընդհատ տեղափոխես: Նույնիսկ ամենաօգտակար բանը հընթացս օգուտ չի տա: Մեծ հաշվով գրքերը լուսավորում են մեզ: Այդ պատճառով, եթե չես կարող կարդալ այն ամենն, ինչ ունես, ունեցիր այնքան, որքան կկարդաս. Եվ դա բավական է: «Բայց,-կասես դու,- երբեմն ցանկություն եմ ունենում փակել այս գիրքը և մյուսը բացել»: Տարբեր ճաշատեսակներ համտեսելը հագեցած լինելու նշան է, սակայն շատ տարբեր ճաշատեսակները ոչ թե սնուցում են, այլ վնասում են ստամոքսը: Դրա համար էլ կարդա հայտնի հեղինակների, իսկ թե ցանկություն կառաջանա երբեմն շեղվել մի ուրիշ բանի վրա, վերադարձիր կիսատ թողածին: Ամեն օր կարդա որևէ բան աղքատության դեմ, մահվան դեմ, մարդկային դժբախտության դեմ, և շատ բան աչքի անցկացնելով, ընտրիր այն, ինչը կկարողանաս մարսել այսօր: Ես էլ այդպես եմ անում. շատ կարդացած բաներից ինչ-որ բան մնում է հիշողությանս մեջ: Այսօր ահա ինչ եմ հանդիպել Էպիկուրի մոտ. «Ուրախ աղքատությունը.- ասում է նա,- ազնիվ բան է»: Բայց կարո՞ղ է աղքատությունը ուրախ լինել: Աղքատը նա չէ, որը քիչ բան ունի, այլ նա, որն ուզում է ավելին ունենալ: Դու կհարցնես ո՞րն է հարստության սահմանը: Նվազագույնը՝ ունենալ անհրաժեշտը, առավելագույնը՝ ունենալ այնքան, ինչքան քեզ բավարար է: Ողջ լինես»: [/b] - «Բարոյական նամակներ Լուցիլիուսին» նամակ 2: [img]/ups/images/071512100147238941588414.jpg[/img] Սենեկան (Lucius Annaeus Sĕnĕca) ծնվել է Իսպանիայի Կորդովա (նախկին Կորդուբա) քաղաքում մոտ 4 թվին Քծա: Հայրը հեծյալների դասից էր և նշանավոր հռետոր: Հռոմում հռետորական ու փիլիսոփայական կրթություն ստանալուց հետո Սենեկան ճանապարհորդում է դեպի Եգիպտոս, որի կառավարիչն էր նրա մորաքրոջ ամուսինը: Հռոմ վերադառնալով, Սենեկան, հմտացած հռետորության մեջ, անցնում է դատական աշխատանքի ու կարճ ժամանակամիջոցում հռչակվում Հռոմում, ապա 33թ. ընտրվում քվեստոր (questor-կայսերական գանձապահ), իսկ հետո ընտրվում սենատոր: Այդ հաջողությունը գրգռում է Կալիգուլա կայսեր նախանձը, որը նրան դատապարտում է մահվան, սակայն ներում է շնորհում՝ հաշվի առնելով ժողովրդի կարծիքը: [img]/ups/images/011654600147238942528921.jpg[/img] [i]Կալիգուլա (Հռոմի կայսր 37-41թթ.)[/i] Կալիգուլայից հետո 41թ. գահ է բարձրանում Կլավդիուսը: Նրա կինը՝ Մեսալինան բանսարկություն է տարածում, իբր Սենեկան և Կալիգուլայի քույրը՝ Յուլիա Լիվիլան, սիրային կապի մեջ են: Կալիգուլան, այդ բանսարկությունը հիմք ընդունելով, Սենեկային 41թ. աքսորում է Կորսիկա: [img]/ups/images/0596220001472389447414952.jpg[/img] [i]Յուլիա Լիվիլա[/i] Ութ տարի մնալով աքսորավայրում, Սենեկան ստեղծագործում է, տրվելով գիտական պրպտումներին: Փիլիսոփայորեն առանձնակի կարևորում է հայրենիքի և օտարության, Հռոմի և մնացյալ աշխարհի խնդիրները: Նա գտնում է, որ աշխարհի վեհության ընկալումը մարդու առաջին և հիմնական պարտականությունն է, իսկ երկիրը մարդկային ցեղի միասնական բնակավայրն է. [b]«Աշխարհը ծայրից-ծայր անցնենք, ոչ մի տեղ չենք գտնի օտար երկիր. Ամենուր կարող ես նույնկերպ աչքերը երկինք հառել»:[/b] Նա անդրադառնում է նաև պետական կյանքի և անձնական կյանքի հարցերին: Այս մտորումները տեղ են գտնում «Կյանքի հակիրճության մասին» տրակտատում: [img]/ups/images/0822809001472389460125678.jpg[/img] [i]Կլավդիուս (Հռոմի կայսր 41-54թթ.)[/i] Միևնույն ժամանակ Սենեկան գրում է ողբերգություններ՝ «Փեդրա», «Էդիպուս», «Մեդեա»: Դիցաբանական մոտիվներով գրված այս գործերում Սենեկան կերպարների և հերոսների բնավորությունների միջոցով փորձում է ընթերցողին փոխանցել բարոյական նորմեր, կրթել-դաստիարակել հռոմեացիներին: Նրա ողբերգություններում պատահական դրվագներ չկան: Ամեն տեսարանում խոսվում է բարոյական նորմերից շեղվելու և դրա հետևանքների մասին: Աքսորից վերադառնում է 49 թվին: Նրան ազատում է Ագրիպինան (ապագա կայսր Ներոնի մայրը), որը Մեսալինայի մահից հետո ամուսնանում է Կլավդիուս կայսեր հետ: [img]/ups/images/0714748001472389472713203.jpg[/img] [i]Ագրիպինա[/i] Աքսորավայրից վերադառնալուց հետո Սենեկան նշանակվում է Ներոնի դաստիարակ և միաժամանակ վարում պրետորի (preator-բարձրագույն դատական իշխանության ներկայացուցիչ) պաշտոնը: Սենեկան Ներոնին դաստիարակում է մարդասիրության գաղափարներով: Կլավդիուսի մահից հետո կայսր դարձած Ներոնը (54 թ.) Սենեկային նշանակում է խորհրդական և 58 թվին շնորհում կոնսուլի տիտղոս: Սենեկան կարճ ժամանակամիջոցում մեծ հարստության տեր է դառնում (նրա կարողությունը հասնում էր 300 միլիոն սեստերցի): [img]/ups/images/0392160001472391106211612.jpg[/img] [i]Ներոն (Հռոմի կայսր 54-68թթ.)[/i] Սենեկայի ազդեցությունը, գրաված դիրքը արքունիքում և կուտակած հարստությունը գրգռում են նրա հակառակորդների նախանձը, որոնք նրա հասցեին չարախոսում են Ներոնի մոտ: Այդ տարիներին փոխվում է նաև Ներոնի վարքն ու բարքը: Վերջինս բռնում է բռնության ուղին: Նա սպանում է բոլոր նրանց, որոնք իրեն ինչ-որ հարցում առարկում են իրեն: [img]/ups/images/0832706001472389492107244.jpg[/img] [i]Մեսալինա և Բրիտանիկուս[/i] Ներոնը սպանում է նաև հարազատներին, այդ թվում եղբորը՝ Բրիտանիկուսին, և մորը՝ Ագրիպինային: Այս քայլից հետո պալատական ընդիմությունը ատելությամբ է լցվում Ներոնի նկատմամբ, իսկ Սենեկային մեղադրում շռայլ կյանք վարելու և անհիմն հարստանալու մեջ: Ընդդիմադիրների չարախոսությունների և քննադատությունների ճնշման տակ, 62 թվին Սենեկան հեռանում է արքունիքից, հրաժարվում պաշտոններից ու կալվածքներից, ապրում մեկուսի, վարում ժուժկալ կյանք, կերակրվում բույսերով և պտուղներով, խմում առվի ջուր: Սակայն ընդդիմադիրների չարախոսությունները չեն դադարում: Եվ 65 թվին Ներոնն ընդդիմադիրների ճնշման տակ մահվան է դատապարտում Սենեկային: Պաշտոնապես Սենեկան մեղադրվում է Ներոնի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ: [img]/ups/images/076563600147238950364636.jpg[/img] [i]Ներոն և Սենեկա (հուշարձան Կորդովայում)[/i] Տացիտուսը նկարագրում է Սենեկայի կյանքի վերջին րոպեները. [b]«Ցենտուրիոններից մեկը մտավ Սենեկայի տունը, երբ նա ճաշում էր կնոջ՝ Պոմպեա Պոլինայի և երկու հյուրերի հետ, և Սենեկային հանձնեց Ներոնի հրամանը: Սենեկան, պահպանելով հոգու հանդարտությունը, պահանջեց տախտակ, որպեսզի վերաշարադրի կտակը: Ցենտուրիոնը արգելեց դա: Այդ ժամանակ Սենեկան, դառնալով իր բարեկամներին, հայտարարեց. «Կտակում եմ Ձեզ իմ կենսաձևը»: Այնուհետև հորդորեց զսպել արցունքները, լինել կայուն և արիասիրտ»:[/b] [img]/ups/images/031957000147238953383166.jpg[/img] [i]Սենեկայի արձանը Կորդովայում[/i] Հետո Սենեկան արիաբար կտրում է ձեռքերի և ոտքերի երակները, սակայն արյունը դանդաղ է հոսում և մահն ուշանում է: Նա խնդրում է ընկերոջը՝ Ստատիուս Աննեուսին, բերել պահված թույնը: Սենեկան ընդունում է թույնը, որը ևս չի ներգործում: Թույնի ազդեցությունն ուժեղացնելու նպատակով Սենեկան տաք լոգանք է ընդունում, սակայն դա նույնպես արդյունք չի տալիս: Վերջապես նրան տանում են շոգեբաղնիք, որտեղ Սենեկան մեռնում է գոլորշուց: Սենեկայի կինը՝ Պոլինան, նույնպես կտրում է երակները և քիչ անց ուշագնա լինում: Սակայն Ներոնի հրամանով Պոլինայի վերքերը կապում են և թույլ չեն տալիս մահանալ: [img]/ups/images/0475001001472389545993951.jpg[/img] Սենեկան գրել է գիտական, փիլիսոփայական, գեղարվեստական աշխատություններ, որոնց մի մասը պահպանվել և հասել են մեզ: Փիլիսոփայական՝ «Պարտականության մասին», «Վաղաժամ մահվան մասին», «Սնոտիապաշտության մասին», «Ամուսնության մասին», «Թշվառության մասին», «Կամայականության մասին», «Բարեկամության մասին», «Պարտականությունների միջոցների մասին»: Աշխարհագրական՝ «Եգիպտոսի դիրքի և աստվածների մասին», «Երկրագնդի ձևի մասին», «Երկրների շարժման մասին»: Բնագիտական՝ «Քարերի ծագման մասին», «Ձկների ծագման մասին»: Փիլիսոփայական-բարոյախոսական երկխոսություններ՝ «Բարոյական նամակներ Լուցիլիուսին» (20 գիրք), «Մխիթարություն Մարկիային», «Մխիթարություն իմ մայր Հելիային», «Մխիթարություն Պոլիբիուսին», «Կյանքի հակիրճության մասին», «Հոգու անդորրության մասին», «Իմաստունի անսասանության մասին», «Իմ եղբայր Գալլիուսին՝ երջանիկ կյանքի մասին», «Ներոն կայսրին՝ գթասրտության մասին», «Սերենուսի պարապ ժամանակի մասին», «Նախախնամության մասին», «Պաուլինուսին՝ կյանքի կարճատևության մասին»: Ողբերգություններ՝ «Մեդեա», «Թիեստես», «Փեդրա», «Էդիպուս», «Տրոյուհիներ», «Ագամեմնոն», «Մոլեգին Հերկուլեսը», «Հերկուլես Էտայցի»։ Երգիծական՝ «Դդմացում»:

Նմանատիպ նյութեր