211652_close_icon

Նոր պայմանագրով Հայաստանը գիտական կապեր կհաստատի ասիական մի շարք զարգացած երկրների հետ

views-count1351 դիտում article-date 18:45 27-08-2016
Առաջիկա օրերին ԵՊՀ-ի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի համատեղ գիտական լաբորատորիան և Տեսական ֆիզիկայի ասիական խաղաղօվկիանոսյան կենտրոնը կնքելու են պայմանագիր, որը գիտաժողովներից ու համատեղ գիտական հետազոտություններից բացի՝ ենթադրում է նաև ուսանողների ու դասախոսների փոխանակում: Պայմանագիրը կողմերի միջև ստորագրվելու է «Սև խոռոչների քվանտային ասպեկտները» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում, որն այս օրերին ընթանում է Երևանում: Տեսական ֆիզիկային նվիրված այս գիտաժողովը Հայաստանում անցկացվում է արդեն 2-րդ անգամ: Այս ուղղությամբ իրենց վերջին հետազոտություններն ու գիտական արդյունքները ներկայացնելու են եկել հինգ տասնյակից ավելի հայտնի գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Հարավային Կորեա, Իրան, Չիլի, Պորտուգալիա, Բրազիլիա, Հնդկաստան և այլն: Այս լայնամասշտաբ գիտաժողովի նախաձեռնողներն ու կազմակերպիչները ԵՊՀ-ի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի համատեղ գիտական լաբորատորիայի համատնօրեն Արմենն Ներսեսյանն ու Իրանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի բաժանմունքի ղեկավար Շեյխ Ջաբարին են: Նախաձեռնությանն աջակցել են նաև Իտալիայի ֆիզիկայի միջազգային կենտրոնը (Տրիեստ) և «Volkswagen» հիմնադրամը: «Այս թեման Հայաստանում բավականին թույլ է զարգացած, և ես ուզում էի մեր երկրում այս գիտաժողովի անցկացմամբ նաև հայ գիտնականների շրջանում հետաքրքրություն առաջացնել: Տեսական ֆիզիկայի այս ոլորտը բավականին հեռանկարային է, ընդգրկում է տարբեր ուղղություններ և բավականին հարմար է աշխատելը»,- ասում է պարոն Ներսեսյանն ու հավելում, որ այս տարիների ընթացքում իրենց նախաձեռնած գործի արդյունքներն արդեն զգում են: Տեսական ֆիզիկայի ասիական խաղաղօվկիանոսյան կենտրոնի ղեկավար Բում-Հուն Լին էլ վստահ է, որ հայ և ասիական երկրների գիտնականների համագործակցությունը հաջողվելու է, որովհետև դրա համար բոլոր հիմքերը կան: «Շատ կարևոր է այդ բոլոր երկրների գիտնականների համար մեկ միասնական հարթակ ստեղծելը, որպեսզի նրանք կարողանան իրենց երկրի սահմաններից դուրս գալ: Ի տարբերություն տեխնիկական կամ ինժեներական մասնագիտությունների՝ տեսական ֆիզիկայում շատ սարքավորումներ ու միջոցներ չեն պահանջվում: Այստեղ պետք է լինի մարդը՝ իր գիտելիքներով: Այսինքն՝ կարելի է լուրջ գիտական արդյունքների հասնել զուտ տեսական հետազոտություններով»,- ասում է գիտնականը:

Նմանատիպ նյութեր