Երևանում մեկնարկեց «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը
Օգոստոսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ Ռիթա և Վարդգես Պալյանների անվան դահլիճում մեկնարկեց «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց ոլորտի մասնագետների ակտիվ մասնակցությունը գիտաժողովին. «Ուրախ եմ այսօր ողջունել ձեզ մի հետաքրքիր համաժողովում, որն անցկացվում է «Հայկական աշխարհը համացանցում» խորագրով և հույս ունեմ ապագայում այն ավանդական կդառնա: Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը: Նպատակ ունենք ոլորտի հայտնի մասնագետների հետ համատեղ ջանքերով ոչ միայն ներկայացնել այն ամենը ինչ ձեռք ենք բերել, այլև նախանշել այն քայլերը, որ պետք է ձեռնարկենք հայության հարցերը առաջ տանելու համար՝ հայկական ներուժի համախմբմամբ և օգտագործմամբ: 21-րդ դարը բարձր տեխնոլոգիաների արագ զարգացող դար է: Մենք արդեն վեց կայք ենք ստեղծել՝ հաշվի առնելով Սփյուռքի ցանկությունները, կարիքները, առաջարկները: Շնորհակալություն ՀԲԸՄ-ին՝ Հայկական վիրտուալ համալսարան ստեղծելու համար: Այն այսօր հաջողությամբ գործում է, լուծելով հայապահպանման, հայոց լեզվի պահպանման կարևորագույն խնդիրներ: Ցավոք մեր ներուժի հնարավորությունները և ստեղծածը համարժեք չեն: Մեծ ասելիք և անելիք ունենք: Մտածենք համահայկական վիրտուալ տարածք ստեղծելու մասին: Մեր մշակութային ժառանգության զգալի մասը գտնվում է հայկական սահմաններից դուրս, չկորցնելու համար պետք է թվայնացնենք այն: Մաղթում եմ մեր գիտաժողովին արդյունավետ աշխատանք»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նույնպես կարևորեց գիտաժողովի անցկացումը որպես համահայկական հիմնախնդիրները համատեղ, սեփական ուժերով լուծելու հնարավորություն:
«Հայկական աշխարհը համացանցի գիտակրթական հարթակում» խորագրով առաջին թեմատիկ նիստը վարեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Զեկուցումներով հանդես եկան գիտնականներ և ոլորտի մասնագետներ Սփյուռքից և Հայաստանից:
«Հայկական աշխարհը համացանցում. հիմնախնդիրներ և զարգացումներ» թեմայով զեկուցումով հանդես եկավ պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:
Խոսելով ազգային առաջնահերթությունների մասին՝ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի ռեկտոր Երվանդ Զորյանը (ԱՄՆ) կարևորեց հայոց լեզվի և հայկական մշակույթի պահպանումը:
Երևանի պետական համալսարանի դասախոս Արթուր Ավագյանը ներկայացրեց զեկուցում «Ուսուցողական ռեսուրսների վիրտուալիզացիա» թեմայով:
«Հայալեզու հեռավար կրթությունը՝ կրթության մատչելիության բարձրացման մոդել» թեմայով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը:
Երևանի պետական համալսարանի ասիստենտ Գրիգոր Ղազարյանն անդրադարձավ «Հայկական իրականությանը վերաբերող համացանցային հրապարակումներ՝ իտալերեն լեզվի դասընթացներում»: