211652_close_icon
views-count1871 դիտում article-date 13:23 25-08-2016

Մեկնարկեց «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը

Օգոստոսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ Ռիթա և Վարդգես Պալյանների անվան դահլիճում մեկնարկեց «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր ընդունեցին նախարարության հրավերը և ներկա գտնվեցին համաժողովին: Նախարարը շեշտեց այն հանգամանքը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին զարգացումները նպաստեցին, որպեսզի Հայրենիք-Սփյուռքի կապերն առավել հեշտանան և արագանան: «Որպես սփյուռքի նախարար` տարբեր առիթներով շեշտել եմ, որ շնորհակալ և երախտապարտ եմ համացանց ստեղծողին, քանի որ դրանով չափազանց հեշտացել է մեր համատեղ աշխատանքը: Պատկերացրեք, որ առանց համացանցի ձեզ հետ կապվելու համար ամիսներ պետք կլինեին որևէ նամակ տեղ հասցնելու համար: Այսօր մեկ րոպեի ընթացքում, ձեռքի մեկ հպումով՝ ամբողջ աշխարհասփյուռ հայությանը կարողանում ենք փոխանցել, տեղեկացնել անհրաժեշտ տեղեկատվությունը և նրանցից տեղեկություններ ստանալ»,- նշեց Հրանուշ Հակոբյանը և հույս հայտնեց, որ գիտաժողովի մասնակիցները գործնական քայլեր կձեռնարկեն միասնական համահայկական և ազգօգուտ ցանց ստեղծելու ուղղությամբ, ինչն ավելի կխթանի հայկական ներուժի համախմբումը, հայկական աշխարհի հզորացումն ու միասնականությունը, հնարավորություն կտա չեզոքացնելու համացանցի բացասական երևույթները և հակահարված տալու պատմության կեղծարարներին: Բացման արարողությունից հետո գիտաժողովը սկսեց իր աշխատանքները «Հայկական աշխարհը համացանցի գիտակրթական հարթակում» թեմատիկ նիստով: Զեկուցումներով հանդես կգան գիտնականներ և ոլորտի մասնագետներ Սփյուռքից և Հայաստանից: «Հայկական աշխարհը համացանցի գիտակրթական հարթակում» և «Տեղեկատվական անվտանգության մարտահրավերները համացանցում» խորագրով թեմատիկ նիստերից հետո տեղի կունենան քննարկումներ: Գիտաժողովն աշխատանքը կշարունակի օգոստոսի 26–ին՝ «Սփյուռքը համացանցային հարթակում» թեմատիկ նիստով:

Նմանատիպ նյութեր