2400 դիտում
21:15 17-06-2016
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց Հայկական տնտեսագիտական միության 6-րդ ամենամյա գիտաժողովը
Միջազգային եռօրյա գիտաժողովին, բացի արտասահմանյան բուհերի ներկայացուցիչներից, մասնակցում են նաև Երևանի պետական և Հայաստանի ամերիկյան համալսարանների ասպիրանտներն ու դասախոսները: Ներկայացված զեկուցումները երեք լեզուներով կտպագրվեն առանձին ժողովածուի տեսքով:
ԵՊՀ-ի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայկական տնտեսագիտական միության կողմից կազմակերպված գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լաուրա Բեյլին, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ և ուրիշներ:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ վեց տարի անընդմեջ անցկացվող այս գիտաժողովը նպաստել է տնտեսագիտական մտքի ամրապնդմանը, ոլորտի մի շարք հիմնախնդիրների բարձրացմանը:
ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը նույնպես ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և նշեց, որ յուրաքանչյուր տարի գիտությամբ հետաքրքրվողները նմանաբնույթ ծրագրերի միջոցով նոր խնդիրներ են բացահայտում, ձեռնամուխ լինում դրանց ուսումնասիրմանը. «Ողջունում եմ նաև այն փաստը, որ այս գիտաժողովին տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը, որոնց մեծ մասը նաև արտասահմանյան առաջատար բուհերի հայտնի մասնագետներ են»:
ՀՀ էկոնոմիկայի նախարար, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս Արծվիկ Մինասյանը, ողջունելով Հայկական տնտեսագիտական միության ամենամյա այս նախաձեռնությունը, կարևորեց այն հանգամանքը, որ գիտաժողովն անցկացվում է հենց Մայր բուհում, քանի որ յուրաքանչյուր նմանաբնույթ նախաձեռնություն կարիք ունի գիտական լուրջ աջակցության. «Վերջին տարիներին աշխարհում տեղի ունեցող զարգացումները վկայում են այն մասին, որ տնտեսական վերափոխումներն ու բարեփոխումները, որոնք ապահովվում են գիտական պատշաճ ուղեկցմամբ, մեծ արդյունքներ են ունենում, նպաստում բազմաբնույթ խնդիրների լուծմանը»:
Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաև Հայաստանի արդյունաբերական քաղաքականությանը, տնտեսագիտական ոլորտի զարգացման միտումներին, տեղական առևտրի խթանմանը, դրանց վերանայումներին ու առկա բացթողումներին: Ըստ նախարարի՝ եթե մենք չհետևենք և համահունչ չշարժվենք հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արագ փոփոխվող, ինչպես նաև տեղի ունեցող զարգացումներին, ապա հետ կմնանք թե՛ որպես հասարակություն, թե՛ որպես պետություն ու տնտեսություն:
Նշենք նաև, որ եռօրյա գիտաժողովն ամփոփվելու է հունիսի 19-ին: Զեկուցումները ներկայացվելու են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում, Ագրոբիզնեսի հետազոտությունների և ուսուցման միջազգային կենտրոնում, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Նմանատիպ նյութեր
1756 դիտում
18:01 01-11-2019
ԵՊՀ-ում մեկնարկել է «Չինաստան-Եվրասիա» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1464 դիտում
17:02 07-05-2014
ԵՊՀ-ում մեկնարկեց «Եվրոպա և Կովկաս. միջտարածաշրջանային կապերն ու ինքնության հարցերը» միջազգային գիտաժողովը
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»