8389 դիտում
23:29 21-08-2016
Նա իմ կողքին էր նույնիսկ ամենաթշվառ ժամանակներում
Հնդկացիները հավատում էին, որ մարդկանց սնվելու հարցը կարգավորելու համար Մեծ Հոգին երկիր է ուղարկել կնոջը: Այնտեղ, որտեղ կինը հպվել է աջ ձեռքով՝ կարտոֆիլ է աճել, որտեղ հպվել է ձախ ձեռքով՝ եգիպտացորեն է աճել: Երբ սնվելու խնդիրը լուծվել է, կինը նստել է հանգստանալու: Այնտեղ, որտեղ նա նստել է՝ աճել է ծխախոտ:
Հնդակցիական Արավակ ցեղի առաջնորդը Կոլումբոսին չորացրած տերևներ է նվիրում 1492թ: Վերջինս համարում է այն ապիտան բան և նետում ծովը: Իսկ Կոլումբոսի նավապետներից մեկին՝ Ռոդրիգո դե Խերեզին ծխելը դուր է գալիս: Նա Իսպանիա է բերում ծխախոտը, սակայն ինկվիզիցիան ծխախոտի ծուխը համարում է սատանայական և արգելում, իսկ Խերեզին դատապարտում 7 տարվա ազատազրկման:
Այս անհաջող փորձերից մոտ 100 անց, 1585թ. ծխախոտի առջև եվրոպական դռները բացում է Եղիսաբեթ 1-ին թագուհու ֆավորիտ, ծովակալ, քաղաքական գործիչ, գործարար, բանաստեղծ սըր Ուոլտեր Ռելին (անգլ. Sir Walter Raleigh):
[img]/ups/images/0032223001471803282659089.jpg[/img]
[i]Եղիսաբեթ 1-ին (Անգլիայի և Իռլանդիայի թագուհի 1558-1603թթ.)[/i]
Ուոլտեր Ռելին ծնվել է 1552թ. Դեվոնշիրում բողոքական համայնքի առաջնորդի ընտանիքում: Օքսվորդի քոլեջում ուսումը կիսատ է թողնում և 16 տարեկանում կամավոր մասնակցում Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմին՝ հուգենոտների կողմից: 17 տարեկանում մասնակցում է ծովամարտերի իսպանացիների դեմ Անլանտյան օվկանոսում: Խիզախության շնորհիվ նրան վստահվում է նավապետի պաշտոն: 25 տարեկանում մասնակցում է Իռլանդիայում ապստամբության ճնշմանը: Այդ ժամանակ նա կարողանում է փոքրաթիվ ջոկատով, բայց հնարամտությամբ գրավել լավ ամրացված մի ամրոց և որպես պարգև ստանում 160 ք/կմ տարածք, որի մեջ մտնում էին երկու փոքր քաղաք՝ Յոլը և Լիսմորը:
1581թ դեկտեմբերին Ռելին երաշխավորագրերով գործուղղվում է Լոնդոն՝ արքունիքում ծառայելու: Խոնավ ձմեռ էր Լոնդոնում: Մի օր թագուհի Եղիսաբեթ 1-ինի կառքը կանգ է առնում թագավորական պալատի մուտքի մոտ: Թագուհուն ուղեկցում էր ստվար շքախումբը: Եղիսաբեթը վարանում էր ոտքն իջեցնել թաց ձյան վրա: Պալատականները շվարած-կանգնած էին և չէին կողմնորոշվում ինչ անել: Այդ ժամանակ երիտասարդ Ուոլտեր Ռելին իր ուսից արագ պոկում է կարմիր թավշյա թիկնոցն ու փռում թագուհու ոտքերի տակ: Ի պատասխան, Եղիսաբեթը իր փրկչին բարեհամբույր ժպիտ է պարգևում: Շատ չանցած նրանք մտերմանում են:
[img]/ups/images/0061709001471803303696156.jpg[/img]
Ուոլտեր Ռելիի կրակոտ խոսքը և գեղեցիկ աչքերը գերում են թագուհուն, և Ռելին շուտով ասպետ է օծվում: Նրան շնորհվում է արճիճի արտադրության մենաշնորհ, գինու ներկրման մենաշնորհ, բրդյա իրերի արտահանման մենաշնորհ, ինչպես նաև Ռելին նշանակվում է թագուհու անձնական պահակախմբի հրամանատար, Դեվոնի և Կորնուոլի ծովակալ: 1583թ. Ռելին ստանում է շքեղ դղյակ Լոնդոնում՝ Դարեմ հաուսը և կալվածք Դորչեստերում: Թագուհին թույլատրում է Ռելիին ելույթ ունենալ «Գաղտնի խորհրդում» (Անգլիայի անվտանգության խորհուրդ), որտեղ նա ներկայացնում է Իռլանդիայի նվաճման իր ծրագիրը, կարևորելով ոչ թե անգլիական բանակի ուժը, այլ տեղական համայնքներին խրախուսելը՝ մղելով նրանց կամավոր ծառայելու հզոր, հեռավոր և մեծահոգի թագուհուն:
1584 Ռելին Ամերիկայում հիմնում է անգլիական առաջին գաղութը և անվանում Վիրջինիա՝ ի պատիվ կույս թագուհու (ներկայիս Հյուսիսային Կարոլինա): Այստեղ է ծնվում առաջին անգլիացի երեխան Ամերիկայում, որին անվանում են Վիրջինիա Դեր:
[img]/ups/images/010469900147180332360791.jpg[/img]
[i]Անգլիացի առաջին երեխայի կնունքն Ամերիկայում[/i]
Այստեղ Ռելին առաջին անգամ լսում է Էլդորադոյի մասին: Փորձելով ծխախոտ և կարտոֆիլ, նա հասկանում է, որ այս ապրանքներով կարելի է մեծ փողեր աշխատել: Նա Եվրոպա է ներկրում ծխախոտ և Եվրոպայում կազմակերպում ծխախոտի արդյուաբերական մշակումը և արտահանումը այլ երկրներ: Ասում են, թե երբ Ռելին առաջին անգամ Լոնդոնում ծառաների ներկայությամբ սկսում է ծխել, ծառաներից մեկը բղավում է՝ [b]«Տերը վառվում է»[/b] և սըր Ուոլտեր Ռելիի գլխին ջուր է լցնում:
[img]/ups/images/0586071001471803340756256.jpeg[/img]
Իսկ երբ անգլիական գանձարանը մեծ շահույթ է ստանում ծխախոտի վաճառքից, Եղիսաբեթ թագուհին իր զարմանքն է արտահայտում, որը հետագայում դառնում է թևավոր խոսք. [b]«Ես շատ եմ տեսել մարդկանց, որոնք ոսկին դարձնում են ծուխ, բայց Ռելին միակն էր, որը ծուխը ոսկի դարձրեց»[/b]:
[img]/ups/images/0790557001471803373486553.jpg[/img]
[i]Ուիլյամ Շեքսպիր, Էդմունդ Սպենսեր, Թոմաս Քիդ, Քրիստոֆեր Մարլո[/i]
Ուոլտեր Ռելին Անգլիայի հարուստ մարդկանցից մեկն էր և ընկերություն էր անում Ուիլյամ Շեքսպիրի, Էդմունդ Սպենսերի, Քրիստոֆեր Մարլոյի, Թոմաս Քիդի և ժամանակի այլ հայտնի մտավորակնների հետ:
1590թ., Ռելիի միջնորդությամբ Սպենսերը թագուհուն ներկայացնում է իր գրած պոեմը՝ «Փերիների թագուհին» (առաջին անգամ հրատարակվել է 1590թ. երեք հատորով: Պոեմի նախաբանում Սպենսերը նամակ է գրում Ուոլտեր Ռելիին, որտեղ պարզաբանում է գրվածքի իմաստը): Այս պոեմն ունի դաստիարակչական վիթխարի նշանակություն և ժամանակին մեծ ազդեցություն է ունեցել անգլիացիների վարքաբանության ազնվացման վրա:
1592թ. Ռելին գաղտնի ամուսնանում է թագուհու ֆրեյլիններից մեկի՝ Բեսս Թրոկմորթոնի հետ և առանց թագուհուն հրաժեշտ տալու փախչում Ամերիկա: Եղիսաբեթ թագուհին խիստ զայրանաում է իր ֆավորիտի դավաճանության պատճառով, հրամայում անմիջապես վերադառնալ: Երբ Ռելին ոտք է դնում Անգլիա, նրան ձերբակալում են և բանտարկում Թաուերում (ամրոց Լոնդոնում, որի մի քանի աշտարակները ծառայում էին որպես բանտ): Բեսս Թրոկմորթոնը հեռացվում է արքունական ծառայությունից, իսկ Ռելիին աքսորում են Դորչեստեր: Այնտեղ ծնվում է նրա որդին՝ Ուոլտերը:
[img]/ups/images/0886150001471803400840930.jpg[/img]
[i]Ռելին և նրա որդին՝ Ուոլտերը[/i]
Մի տարի անց Թագուհին կրկին թույլատրում է Ռելիին ուղևորվել Ամերիկա: 1595թ. Ռելին սկսում է Էլդորադոյի որոնումները: Նա կես տարի թափառում է Օրինոկո և Կարոնի գետերի շուրջը, փորձելով գտնել հեքիաթային Ոսկե քաղաքը, սակայն որոնումներն ապարդյուն են անցնում (այնուամնեայնիվ, 1849 թ. Կարոնի գետից ոչ հեռու հայտնաբերվում է ոսկու հանք): 1596-97թթ. որպես փոխծովակալ մասնակցում մի շարք ծովամարտերի և նվաճողական կռիվների, 1597-1601թթ. զբաղվում է օրենսդրական գործունեությամբ, 1600-1603թթ. զբաղեցնում է Ջերսի կղզու նահանգապետի պաշտոնը:
[img]/ups/images/0584583001471803420880279.jpg[/img]
[i]Ջերսի կղզի[/i]
Եղիսաբեթ 1-ինը մահանում է 1603թ. մարտի 24-ին: Անգլիական գահին է նստում Հակոբ 1-ինը, Մարիա Ստյուարտի որդին:
[img]/ups/images/0274774001471803437417352.jpg[/img]
[i]Հակոբ Ա Ստյուարտ (Անգլիայի թագավոր 1603-1623թթ)[/i]
Նույն թվականի նոյեմբերին նոր թագավորը զրկում է Ռելիին բոլոր մենաշնորհներից և արտոնություններից, խլում է ունեցվածքը, իսկ Ռելին մեղադրվում է դավադրություն կազմակերպելու մեջ, բանտարկվում Թաուերում: Արագացված դատավարությունից հետո դատարանը վճռում է. [b]«Դավաճան Ուոլտեր Ռելիին սայլով կտանեն կառափնարան, որտեղ նրա սեռական օրգանները կկտրվեն և կնետվեն կրակի մեջ նրա աչքի առաջ: Այնուհետև կհատվի գլուխը, մարմինը կանդամահատվի չորս մասի և կցուցադրվի ամբոխին, և թող կատարվի արքայի կամքը»:[/b] Սակայն դատավճռի հաջորդ օրը թագավորը անորոշ ժամանակով տարաժամկետում է մահապատիժը: Ռելին մնում է բանտարկված Թաուեր ամրոցի Բոշան աշտարակում, որտեղ անցկացնում է 13 տարի:
[img]/ups/images/0919296001471803461835668.jpg[/img]
[i]Լոնդոնի Թաուերը[/i]
Բանտարկված ժամանակ Ռելին զբաղվում է գիտությամբ՝ ալքիմիայով, պատմությամբ, աշխարհագրությամբ, փիլիսոփայությամբ, գրում 100-ից ավելի բանաստեղծություններ: Նա հայտնաբերում է ծովի աղի ջուրը թորելու մեթոդը: Բանտում նստած նա զբաղվում է արքայազն Հենրիխ Ստյուարտի կրթությամբ: Նրա համար գրում է «Համաշխարհային պատմություն» հիմնարար և ստվարածավալ աշխատությունը, որը, սակայն կիսատ է թողնում՝ արքայազնի մահվան պատճառով:
17-րդ դարի սկզբում ծխախոտի վաճառքը Անգլիայի թագավորի մենաշնորհն էր: Սակայն 1612-16թթ. մի շարք երկրներ հրաժարվում են ծխախոտ գնել և իրենց երկրներում արգելում ծխելը: Անգլիայի տնտեսությունը լուրջ խնդիրների առջև է կանգնում: Եվ Հակոբ թագավորն ազատ է արձակում Ռելիին, պայմանով, որ նա մեկնի Ամերիկա, գտնի Էլդորադոն: Ոսկի բերելու դեպքում Ռելիին ներում էր շնորհվելու, իսկ չբերելու դեպքում ի կատար էր ածվելու մահապատիժը: Ռելին ընդունում է առաջարկը և 1616թ-ին ազատ արձակվում: Մեկ տարի անց Ռելին օվկիանոս է դուրս գալիս և ուղևորվում Ամերիկա: Եվս մեկ տարի անպտուղ որոնումներից հետո Ռելին ձեռնունայն վերադառնում է Անգլիա:
1618թ. հոկտեմբեր 29-ին Ռելիին դուրս են բերում Վեսթմինստերյան ամրոցի հին բակը՝ մահապատիժն ի կատար ածելու:
[img]/ups/images/0686633001471803502469904.jpg[/img]
[b]«Գնալու ժամանակն է»[/b],- ասում է Ռելին դահճին: Նրան թույլ են տալիս դիտել կացինը, որով իրեն գլխատելու էին: [b]«Սա դեղ է, սուր դարման: Այն բուժում է բոլոր հիվանդությունները»[/b],-- ասում է Ռելին: Այնուհետև նա գլուխը դնում է հատուկ կոճղին: Դահիճը խնդրում է ուղղել գլուխը. [b]«Ձեր գլուխը, սըր, սխալ կողմ եք թեքել»[/b]: Իսկ Ռելին պատասխանում է. [b]«Հոգ չէ, կարևորը հոգին սխալ ուղղությամբ չթեքվի»[/b]: Ռելին հուղարկավորվում է Վեսթմինսթերի Սուրբ Մարգարիտա եկեղեցում: Մահապատժից հետո նրա բանտային սենյակում գտնում են ծխախոտաքսակ, որի վրա էր լատիներենով ասեղնագործված էր. [b]«Նա իմ կողքին էր ամենաթշվառ ժամանակներում»[/b] (Comes meus fuit in illo miserrimo tempore):
[img]/ups/images/0346807001471803536873588.jpg[/img]
[i]Ուոլտեր Ռելիի արձանները Հյուսիսային Կարոլինայում[/i]
Ռելին լայնորեն մեծարվում է ԱՄՆ Վիրջինիա և Հյուսիսային Կարոլինա նահանգներում որպես ամերիկյան քաղաքակրթության հիմնադիրներից մեկը: Նրա պատվին Հյուսիսային Կարոլինա նահանգի կենտրոնաքաղաքը անվանակոչվել է Ռոլի:
[img]/ups/images/0498018001471803548671917.jpg[/img]
[i]Կադրեր «Ոսկեդար» ֆիլմից (2007թ. նկարահանված «Ոսկեդար» ֆիլմը Եղիսաբեթ 1 թագուհու և սըր Ուոլտեր Ռելիի մասին է):[/i]
Նմանատիպ նյութեր
1432 դիտում
18:29 29-12-2023
Ժողովրդի մի մաս, ժողովրդի կողքին. Դժվար ժամանակներում՝ բարի գործերից. Mamul24.am
Այս բաժնից
2533 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել