211652_close_icon
views-count5126 դիտում article-date 13:43 16-08-2016

Մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար 50 հազար դրամ է պետք, չհաշված՝ հագուստը. ՀԿ-ի ներկայացուցիչ

Մեկ երեխային սեպտեմբերի 1-ին դպրոց ճանապարհելու համար նվազագույնը 50 հազար դրամ է անհրաժեշտ, չհաշված՝ հագուստի գումարը: Այսօր լրագրողների հետ զրույցում իրենց մոնիտորինգի արդյունքները ներկայացրեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանը: «Հնարավորություն ունենալու դեպքում գումարը 200 հազարի մոտ էլ է հասնում»,-հավելեց Ա. Պողոսյանը: Այսպես. Երևանի տոնավաճառներում, օրինակ, առաջին դասարանցիների համար նախատեսված դպրոցական պայուսակների և կոշիկների գները սկսվում են 5000 դրամից, վերնաշապիկներինն ու կիսաշրջազգեստներինը` 6000, գումարած՝ անհրաժեշտ գրենական պիտույքները: Իրավիճակին նպաստում է նաև այն, որ եթե կա պահանջարկ, գները բարձրանում են։ Ծնողների բյուջեից որոշակի ֆինանսական ներդրւմներ են պահանջում դասագրքերը. եթե տարրական դպրոցում դրանք աշակերտներին անվճար են տրամադրվում, ապա միջին և ավագ դպրեցներում մեկ դասագրքի համար նվազագույն գին է սահմանվել 200 դրամը, առավելագույնը՝ 530 դրամ: Ըստ փորձագետի՝ 37 տոկոս աղքատության շեմին գտնվող բնակչության համար սա ահավոր ծանր բեռ է, հատկապես, եթե նկատի ունենանք, որ սննդի վրա, ըստ միջին վիճակագրական տվյալների, ընտանիքը ծախսում է եկամուտի մոտ 60 տոկոսը: Իսկ շուրջ 30 տոկոսը գնում է կոմունալ վճարումների վրա, մնացած 10 տոկոսով էլ փորձ է արվում է ըստ առաջնահերթության խնդիրները լուծել։ Արդյունքում՝ Սեպտեմբերի 1-ի տոնը, որը պետք է մնա երեխայի ու ծնողի հիշողություններում, վերածվում է մղձավանջի: Դպրոցահասակ մի քանի երեխաներ ունեցող ծնողների համար իրավիճակը էլ ավելի ծանր է։ Ասոցիացիան նույն տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ մոտ 5 տոկոսանոց գնաճ է արձանագրում:

Նմանատիպ նյութեր