211652_close_icon
views-count7812 դիտում article-date 17:28 14-08-2016

Փա´ռք Արցախի հերոսական ժողովրդին, փա´ռք Հադրութի սահմանապահ բնակչությանը. Զորավար Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը՝ Հադրութի վերածննդի օրվա կապակցությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Հադրութի վերածննդի օրվա կապակցությամբ: 1992-ի այս օրը Հադրութի համար ճակատագրական էր. ադրբեջանական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Հադրութի ուղղությամբ: Ժամանակները ծանր էին, ունեցանք բազում զոհեր, սակայն Հադրութը չծնկեց թշնամու առաջ. հակառակորդին տալով արժանի հարված` հայ քաջորդիները կարողացան Արցախի հարավային դարպասը պահել անառիկ: Օգոստոսի 15-ը հռչակվեց Հադրութի վերածննդի օր: Ռազմական գործողություններին զուգահեռ` 1992թ-ի օգոստոսին ձևավորվեց նաև 1-ին պաշտպանական շրջանը, եւ ուրեմն օգոստոսի 15-ը հադրութցիների համար, երկրապահ հայ ժողովրդի համար կրկնակի տոնական է: Հադրութն ինձ համար հատկապես հոգեհարազատ տարածք է, քանի որ, զինվորագրվելով Արցախյան ազատամարտին, դեռ 1988-ից , էջմիածնեցի կամավորականների հետ տեղակայվել ենք Հադրութի Էդիլվա ձորակում, Արցախի տարածքի առաջին գյուղը, որ ազատագրել ենք, եղել է Հադրութի Հողերը: Հադրութցին վստահել եւ գնահատել գիտե. այդ պատճառով էլ դեռ ընթացող պատերազմի ժամանակ այս ժողովուրդն ինձ ընտրեց Արցախի ԱԺ պատգամավոր Հադրութի տարածքից՝ Էդիլվա ձորակից: Ես խոնարհվում եմ հերոսներ ծնած հադրութցի հերոս մայրերի առաջ: Խորին հարգանք եմ արտահայտում բոլոր այն հադրութցի քաջերի նկատմամբ, ովքեր արիաբար մարտնչեցին թուրք ազերու պարտադրած պատերազմում, ովքեր կյանքը տվեցին, առողջությունը տվեցին այս ազատամարտում: Կարող եմ հարյուրավոր հերոս հադրութցիների անուններ հիշատակել: Երկրապահների մաքառումների գնով պաշտպանված Հադրութի հողում դեռ ընթացող պատերազմի ժամանակ նաեւ խաչքարեր էինք կանգնեցնում։ Հայոց Մեծ եղեռնի սրբադասված զոհերի հիշատակին նվիրված երկրապահական խաչքար էլ ենք կանգնեցրել, որի օծումն արվեց նախորդ տարի: Արցախի բոլոր տարածքներում Երկրապահը Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներն է կանգնեցրել, որպեսզի թուրք ազերին հասկանա, որ հայ մշակույթը, հայ քաղաքակրթությունը, հայի հավատքն անմահ են: Հայի անկոտրուն կամքի, աշխարհասփյուռ հայ ազգի, արցախցու, հադրութցու հայրենասիրության, հող հայրենին պաշտպանելու վճռականության հերթական ապացույցն արյունարբու թուրք ազերին տեսավ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին, երբ հանկարծակի լայնամասշտաբ հարձակման ժամանակ հուժկու հակահարված ստացավ: Փա´ռք բոլոր ժամանակների հայ նահատակներին: Փա´ռք երկրապահ հայ ժողովրդին: Փա´ռք հերոսներ ծնող հայ հերոսական մայրերին: Փա´ռք Արցախի հերոսական ժողովրդին, փա´ռք Հադրութի սահմանապահ բնակչությանը: [b]ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան[/b]

Նմանատիպ նյութեր