Փոխվել է «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը
Նախաքննական մարմինը վերաորակավորել է «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքը. հիմա նա մեղադրվում է ոչ թե Քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ վերցնելը), և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով արարքներում, այլ այդ արարքներին օժանդակելու մեջ:
Պաշտպան Տիգրան Եգորյանը ներկայացնելու է Արթուր Սարգսյանին կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք:
Քանի դեռ մեղադրանքը չէր վերաորակավորվել, ստացվում էր, որ Արթուր Սարգսյանը հուլիսի 17-ին խմբի հետ մտել է գունդ պատանդներ վերցրել, մինչդեռ նա ոստիկանական պատը ճեղքելով՝ այնտեղ է հայտնվել միայն ամսի 26- ին:
Հիշեցնենք, որ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 44 անձ, ևս 2-ը ունեն կասկածյալի կարգավիճակ: 42 անձ կալանավորված է, 3 անձ գտնվում է հիվանդանոցում:
Մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ:
Բոլոր մեղադրյալներին տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ վերցնելը), 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածներով: Տուժող է ճանաչվել 19 անձ, որից 10-ը՝ որպես պատանդ վերցնելու կամ պահելու մասով: