Երևանում Հայաստանի հանրային հեռուստաընկերության աշխատակիցը մահվան ելքով վրաերթի պատճառ
Երեկ՝ հուլիսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում թիվ 153 հասցեին մոտ, Երևանի բնակիչ, 28-ամյա Գեորգի Պատարայնը իր վարած Nissan մակնիշի 34 ZR 087 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 62-ամյա Սվետլանա Մկրտչյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աստղիկ բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունը, ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր․օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությաբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Ս․Մկրտչյանը Աստղիկ բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է։ Գ․Շամշյանի տեղեկություներով Գ․Պատարայնը աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում։
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի