Ողբերգական դեպք Երևանում. ջրասուզակը «Թոխմախ գյոլից» դուրս է բերել տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի այգում՝ ժողովրդին հայտնի «Թոխմախի լճում» քաղաքացի է ջրահեղձ եղել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի ավագ Անդրանիկ Աղաջանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 61 հերթապահ խումբը՝ բժիշկ Արշակ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին մոտ 35 տարեկան տղամարդ է և նրան դուրս բերելու համար ժամանել է ջրասուզակ Ալբերտ Մարտիրոսյանը, ով կարճ ժամանակում հայտնաբերեց դին և դուրս բերեց:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի