211652_close_icon
views-count4823 դիտում article-date 21:30 29-07-2016

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են բնապահպանության ոլորտին առնչվող որոշումներ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատման է ներկայացրել «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման և օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Հաշվի առնելով Ղրղզստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, կարևորելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման և օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման իրավական կարգավորման անհրաժեշտությունը և համագործակցության ընդլայնումը, նպատակահարմար է համաձայնություն տալ արձանագրությանը: Մեկ այլ նախագծով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N591-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Նախագծով առաջարկվում է պարզեցնել տնտեսվարողների կողմից օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակների լրացուցիչ փուլի սահմանման գործընթացը: Համաձայն գործող կարգի` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակների սահմանման համար լրացուցիչ փուլում լիազորված պետական մարմնին դիմումներ են ներկայացվում անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո` մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը, և միայն այդ ժամկետի ավարտից հետո են դիմումները քննության ենթարկվում և դրանց վերաբերյալ` 10 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմնի կողմից ընդունվում է համապատասխան որոշում: Ներկայացվող նախագծով առաջարկվում է լրացուցիչ փուլում լիազոր պետական մարմնին տնտեսվարող սուբյեկտի կողմից յուրաքանչյուր ներկայացվող հայտի վերաբերյալ օպերատիվ կերպով 5 աշխատանքային օրվա ընթացքում որոշում կայացնել (գործող կարգով` 10 աշխատանքային օր է) և հայտատուին տեղեկացնել ընդունված որոշման մասին, ինչպես նաև դրական արդյունքի դեպքում տրամադրել անհատական չափաքանակ: Բացի այդ առաջարկվում է լրացուցիչ փուլում պարբերաբար նորացնել ընդհանուր չափաքանակի առկայության մասին տեղեկատվությունն ինտերնետային կայքում՝ սպառման ընթացքին համապատասխան: Մեկ այլ նախագծով հաստատման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 37 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Հանքարդյունաբերության ոլորտում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքով սահմանված պահանջների կատարման հարցում տնտեսվարողներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N37 արձանագրային որոշմամբ հաստատվել են երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ ստանալու նպատակով ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի, հիմնական գնահատման հաշվետվության, ինչպես նաև հանքի փակման ծրագրի կազմման ուղեցույցները: Նախագծով առաջարկվում է, բացի նշված ուղեցույցներից, հաստատել նաև օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատման, սոցիալ տնտեսական ազդեցության գնահատման հաշվետվությունների կազմման ուղեցույցները, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության լիարժեքության գնահատման ուղեցույցը: Նախագծի ընդունումը կնպաստի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքով տնտեսվարողների համար սահմանված պարտականությունների լիարժեք և արդյունավետ իրականացմանը: Որոշումների նախագծերը հաստատվել են ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նմանատիպ նյութեր