ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում եվրոպական երկրներին ապաստանի իրավունք տրամադրել պատերազմից փախչող մարդկանց
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եվրոպական երկրներին կոչ է արել պատերազմից փախչող մարդկանց տրամադրել ապաստանի իրավունք: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, մեկնաբանելով նախօրեին Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալների նավի հերթական վթարը՝ Պան Գի Մունը Միջերկրական ծովն անվանել է ներգաղթյալների համար ամենավտանգավոր ուղիներից մեկը։
ՄԱԿ մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ գլխավոր քարտուղարը ցնցված ու խորապես վշտացած է Լիբիայի ափերի մոտ 700 ներգաղթյալների և փախստականների տեղափոխող նավի շրջվելու մասին հաղորդագրություններից։
«Ողբերգությունը ևս մեկն է անցած շաբաթվա իրադարձությունների թվում, որոնցում հարյուրավոր այլ ներգաղթյալներ ու փախստականներ են զոհվել»,- ասված է հաղորդագորւթյան մեջ:
Կայքը հիշեցնում է, որ 2014-ին համանման հանգամանքներում մահացել է առնվազն 3500 մարդ, իսկ ինչ վերաբերում է վերջին դեպքին` ներկա պահին հայտնի է, որ ջրից հաջողվել է դուրս բերել մոտ 30 մարդու։