211652_close_icon
views-count4203 դիտում article-date 15:31 26-07-2016

Veolia-ն շարունակում է աշխատել. «Երևան Ջուր» ՓԲԸ-ի գործունեությունը 2016թ. հունիսին

Մայիսին ավարտվեց ֆրանսիական Veolia Group ընկերության կողմից մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղու համակարգի վարձակալության 10-ամյա պայմանագիրը: Սակայն Երեւան Ջուր ՓԲԸ-ն լրացուցիչ համաձայնագրով շարունակում է իր գործունեությունը մինչեւ ընթացիք տարվա վերջը, մինչեւ աշխատանքին ձեռնամուխ կլինի Հայաստանում խմելու ջրի համակարգերը կառավարող նոր Օպերատորը: Ներկայումս անկախ տեխնիկական աուդիտորը՝ ի դեմս դանիական Water Supply Services Consulting եւ հայկական Avag solutions ընկերությունների, ուսումնասիրում է վարձակալության պայմանագրի արդյունքները, սակայն արդեն ակնհայտ է, որ Veolia Group-ը հաջողությամբ կատարել է ստանձնած պարտավորությունները: Այսպես, եթե պայմանագրի մեկնարկին՝ 2006թ. ջրամատակարարման միջին տեւողությունը Երեւանում կազմել է 17,3 ժամ, ապա 10 տարի անց, պայմանագրի վերջին այն 23,4 ժամ է եղել, որը գերազանցում է նախատեսված ցուցանիշը 0,6 ժամով: Էլեկտրաէներգիայի ծախսը նվազել է շուրջ 5 անգամ, իսկ ջրի արտադրությունը կրճատվել է 22%-ով: Ներդրումների ծավալն էլ գերազանցել է պարտավորությունը մոտ 6.0 միլիարդով: Սակայն, անցած տասնամյակի տարիների ձեռքբերումները միայն վերը նշված ցուցանիշները չեն: Այդ ընթացքում ձևավորվել է նաև նշված ցուցանիշներն ապահովող մասնագիտական բարձր մակարդակ ունեցող աշխատակազմ, սեփական ոտքերի վրա կանգնած, ֆինանսապես կայուն ընկերություն և զարգացած, դեպի ապագան նայող ջրամատակարարման համակարգ: Այս առումով հունիսի արդյունքները տրամաբանական են ու օրինաչափ: Այսպես, ջրի արտադրությունը Երեւան Ջուր ՓԲԸ-ում, անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, նվազել է գրեթե 1000 լիտրով վայրկյանում կամ 10%-ով. ռեկորդային մի ցուցանիշ, որը լավագույնս է բնորոշում համակարգի առաջընթացի տեմպերը: Կարեւոր է նաեւ այն, որ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի չափաբաժինը անընդհատ ավելանում է, հասնելով հունիսին 76%-ի՝ 2015 թ.-ի 68%-ի՝ դիմաց: Այսպիսով արտակարգ պատահարների ազդեցության հավանականությունը ջրամատակարարման վրա տարեցտարի նվազում է: Այո, ամառ է, այո, ջրի սպառման «պիկն» է, սակայն ջրի արտադրության ավելացման անհրաժեշտություն չկա: Ջրամատակարարման հայտարարված գրաֆիկն էլ պահպանվում է: Անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 81%-ը, 17-23,5 ժամ՝ 19%-ը: Մինչդեռ 2015թ. հունիս - 2016թ. հունիս ժամանակահատվածում ջրի տնտեսումը բերել է շահագործման ծախսերի, առաջին հերթին էլեկտրաէներգիայի կրճատմանը, ինչի շնորհիվ այլ խնդիրների թվում ապահովվում է ներդրումային ծրագրերի կատարումը: Իսկ վերջինս շատ կարեւոր է, ինչպես առկա խնդիրների լուծման, այնպես էլ հուսալի ապագա կերտելու համար: Իսկ է՜լ երբ կարելի է ակտիվ շինարարությամբ զբաղվել, եթե ոչ ամռանը: Հունիսին, օրինակ` Նորագյուղ թաղամասում կառուցվեց պոլիէթիլենե նոր ջրագիծ, որը հնարավորություն կտա առանձնատների հատվածում նախկին` մի քանի ժամվա փոխարեն ունենալ շուրջօրյա ջրամատակարարում: Աշխատանքներ տարվեցին Եղվարդ քաղաքում, Առինջ, Բարձրաշեն, Պտղնի, Արգավանդ եւ Գեղանիստ գյուղերում, Երեւանի Երզնկյան, Լազոյի, Կարա-Մուրզայի, Կաշեգործների, Անդրանիկի, Մալաթիայի փողոցներում, Արաբկիր ու Նոր Նորք վարչական շրջանների մի շարք ներբակային տարածքներում: Հեռակառավարման SCADA համակարգի ներդրման համար նոր փականներ տեղադրվեցին «Քասախ» ջրամբարում, Կարմիր Խաչի հիվանդանոցի մոտ եւ Աշտարակի հարակից ձորում: Ընդհանուր առմամբ, կապալառուների կողմից իրականացվեց 19 անուն աշխատանք Երեւան Ջրի համակարգում: Իրենց կողմից, ընկերության շահագործման տնօրինությունները իրականացրեցին բազմաթիվ ու բազմապիսի ծրագրեր ինչպես ջրաղբյուրներում ու մայրուղային ջրատարների վրա, այնպես էլ ներքաղաքային բաշխիչ ցանցում: Այսպիսով, կատարվեց եւս մեկ քայլ ոչ միայն դեպի ավելի բարվոք ջրամատակարարում, այլեւ դեպի տեխնիկապես ավելի հուսալի համակարգ, իսկ տնտեսական առումով՝ ավելի ձեռնտու ջրամատակարարում: Շինարարությունը համակարգում շարունակվում է: Շարունակվում է ստեղծվել ամուր հիմք՝ հետագա առաջընթացի համար: Իսկ դա շատ կարեւոր է. Veolia Group-ը համոզված է, որ հաղթելու է միջազգային մրցույթում եւ շարունակելու է կառավարել առաջիկա 15 տարիներին այլ համակարգերի թվում նաև մայրաքաղաքի ջրմուղը: [b]«Երևան Ջուր» ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր