3701 դիտում
15:07 03-10-2016
«Շարքային» ամսվա ոչ շարքային աշխատանքները (Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. օգոստոսին)
Երևանի քաղաքապետարանի տվյալներով, օգոստոսին աշխատանքային վիճակում գտնվող հիդրանտների քանակը մայրաքաղաքում հասել է 381-ի, ինչի կարևորությունն ակնհայտ է հրդեհների դեպքում հակահրդեհային ծառայությանը անհրաժեշտ ջրով ապահովելու տեսանկյունից: Այդ գործում իր ավանդն ունեցավ նաև Երևան Ջուր ՓԲԸ, որը ոչ միայն մշտապես հետեւում է դրանց տեխնիկական վիճակին ու վերանորոգում, այլեւ քաղաքապետարանի ու Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ վերջին ամիսներին գույքագրեց, համալիր ուսումնասիրեց մայրաքաղաքի բոլոր հրշեջ հիդրանտների տեխնիկական վիճակը, ինչպես նաեւ խնդրի լուծման նպատակով սեփական միջոցներով գնեց միանգամից 50 հիդրանտ: Օգոստոսին էլ ավարտեց դրանց տեղադրումը ԱԻՆ-ի հետ համաձայնեցված վայրերում: Դրանից բացի, ընկերության «Արևելք» և «Արևմուտք» շահագործման տնօրինությունների ուժերով վերանորոգվել և վերաշահագործվել են ևս 26 հիդրանտ:
Իսկ ընդհանրապես, հաշվետու ամիսն առերեւույթ խիստ «շարքային» էր, համակարգի աշխատակիցները զբաղված են եղել առօրեական գործերով, կարծես թե «իրադարձություն» ասվածին համապատասխան որեւէ աշխատանք չի կատարվել, միջոցառում չի իրականացվել: Բայց դա իրոք միայն առերեւույթ: Քանի որ Երեւան Ջրում շարքային ոչինչ չկա: Ավելի քան 1,1 մլն սպառողի ջուր մատակարարող կազմակերպությունում անգամ հերթապահությունը համակարգի տասնյակ կառույցներում ինքնին պահանջում է մշտական լարվածություն, աշխատանքային ու տեխնոլոգիական կարգապահություն ու պատասխանատվություն վստահված գործի նկատմամբ: Ամեն մի թերացում վերջին հաշվով արտահայտվում է արտադրական շղթայի գործունեության վերջնական արդյունքների վրա՝ ի դեմս ջրամատակարարման ընդհատման, սպառողի կողմից ջրի որակի նկատմամբ անվստահության կամ սպասարկման վերաբերյալ դժգոհության:
Մինչդեռ աշխատանքը համակարգում բոլորովին էլ հերթապահությամբ չի սահմանափակվել: Շարքայինը՝ շարքային, բայց օգոստոսը մյուս ամիսներին չի զիջել գործի ինտենսիվության առումով: Գուցե փոքրածավալ, բայց տասնյակ անուն միջոցառումներ են անցկացվել ջրատար համակարգի հուսալիության բարձրացման, առկա թերությունների վերացման և ջուրն առավելագույն քանակությամբ սպառողներին հասցնելու նպատակով: Եվ այսպես, «Ապարան-Երևան», «Կաթնաղբյուր-Երևան», «Արզական-Գյումուշ» ջրատարներում կատարվել են ջրթող և օդահեռ փականների կարգավորման աշխատանքներ: Հատկապես կարեւոր էր «Գառնի» սանիտարական գոտու երկու կապտաժում իրականացված աշխատանքները, որոնց շնորհիվ «Գառնի-Երևան» ջրատարի ինքնահոս ջրաքանակն վայրկյանում ավելացավ 35 լիտրով: Դա էլ Էրեբունի, Կենտրոն, Շենգավիթ ու Նուբարաշեն վարչական շրջանների սպառողներին խոստանում է է՜լ ավելի կայուն ջրամատակարարում:
Իսկ ահա ներքաղաքային բաշխիչ ցանցում աշխատանքները շարունակվել են նախկին ինտենսիվությամբ: Խցափակվել և շահագործումից հանվել է Ամիրյան և Բուզանդ փողոցների մինչև ընկած վթարային ջրագիծը: Նուբարաշեն 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի վթարված ջրագծի փոխարեն կառուցվել է նորը` նշված հասցեի բազմաբնակարան շենքը ջրով ապահովելու համար: Եղվարդի` Սաֆարյան, Զեյթունի` Ֆանարջյան փողոցներում, Դավիթաշեն գյուղում շահագործումից հանված թուջե ջրագծերի փոխարեն կառուցվել են պոլիէթիլենե նոր ջրագծեր, որոնց շնորհիվ ցանցը դարձել է ավելի կառավարելի:
Ուշադրության կենտրոնում է եղել նաեւ ջրամատակարարման համակարգի բարելավման ու վերականգնման ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարությունը: Երզնկյան, Մեծարենցի փողոցներում ավարտվել են վթարված հին ջրագծերի փոխարինումը պոլիէթիլենե նոր խողովակներով: Նմանատիպ աշխատանքները դեռևս շարունակվում են Զորավարի, Ավանի 14-րդ, Քանաքեռի 6-րդ փողոցներում, Սիլիկյան, Բրյուսովի թաղամասերում: Կոմիտասի 49/1 շենքի հարեւանությամբ փոխարինվել է վթարված ջրագիծը, որը բերել է 16 լ/վ ջրի տնտեսման: Եվս 8 լ/վ ջուր թույլ է տվել խնայել Կորեայի ձորում վթարված, վրան ապօրինի կառույցներ ունեցող ջրագիծը: Փոխարենը կառուցվել է նորը՝ արդեն փողոցում, ինչը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում այն վերանորոգել: Իսկ ինքնահոս ջրամատակարարման անցնելը Քանաքեռի մի հատվածում հանգեցրել է այդտեղ եւս 2 բակային պոմպի անջատման, ինչը ե՜ւ էլեկտրաէներգիայի խնայողություն է ե՜ւ շահագործման հուսալիություն: Քաղաքի մի շարք այլ հասցեներում աշխատանքները մոտեցել են ավարտին:
Ընդհանրապես էլ շինարարությունը համակարգում մոտենում է ավարտին: Այո, դեռեւս աշուն է, սակայն քանի որ 2017թ.-ից Հայաստանի բոլոր ջրմուղ համակարգերը միավորվելու են ու կառավարվելու են նոր Օպերատորի կողմից (հայտարարված միջազգային մրցույթում նորից հաղթել է ֆրանսիական Veolia ընկերությունը), ընթացիկ շինարարական տարին թերեւս ավարտվի սեպտեմբերով, որպեսզի մինչեւ տարեվերջ հնարավոր լինի արածն ամփոփել ու ընկերության ողջ գույքը նոր կազմակերպությանը հանձնել:
Ընդհանուր առմամբ, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ունեցել է սպառողների 82%-ը, 17-23,5 ժամ՝ 18%-ը: Ցուցանիշ, որը ջրի սպառման ավանդական օգոստոսյան «պիկը» հաշվի առնելով, թույլ է տալիս համակարգի աշխատանքը բավարար գնահատել:
[b]«Երևան Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1377 դիտում
11:48 29-09-2015
Պոմպերն անջատվեցին գրեթե մեկ ամիս շուտ. «Երևան Ջուր» ՓԲԸ-ի գործունեությունը 2015թ. օգոստոսին
2297 դիտում
16:06 28-06-2016
Համակարգը պատրաստ է ջրի սպառման «պիկերին». Երևան Ջուր ՓԲԸ գործունեությունը 2016թ. մայիսին
4200 դիտում
15:31 26-07-2016
Veolia-ն շարունակում է աշխատել. «Երևան Ջուր» ՓԲԸ-ի գործունեությունը 2016թ. հունիսին
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար