Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Նախագծի հաջորդ հերոսը ծանրորդ, Եվրոպայի գործող չեմպիոն` Անդրանիկ Կարապետյանն է: Անդրանիկը ծնվել է 1995 թվականին, իսկ ծանրամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից: Նա սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Կարապետյանը ունի իրեն բնորոշ հանգստություն, որն առավել արտահայտիչ է դառնում մրցաշարերի ժամանակ:
Եվրոպայի չեմպիոնը հայկական օլիմպիական հավաքականի`մեդալ նվաճելու հիմնական հույսերից մեկն է Օլիմպիական խաղերում: Նա հրաշալի գիտակցում է, որ մարզական մեծ հաջողությունների հասնելու համար` բացի տաղանդից, նաև նվիրված աշխատանք է պետք: