211652_close_icon
views-count1081 դիտում article-date 13:21 21-07-2016

Առողջապահության նախարարությունում քննարկվել են երեխաների և դեռահասների դիսպանսեր հսկողության հարցում առկա խնդիրները

Երեխաների և դեռահասների շրջանում մի շարք քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, բուժման և դիսպանսեր հսկողության շնորհիվ ձեռք են բերվել շոշափելի արդյունքներ։ «Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի պարբերական հիվանդության հանրապետական կենտրոնում հիվանդության ախտորոշման և բուժման բարելավումը, կանոնավոր դիսպանսեր պատշաճ հսկողության իրականացումը բերել է նրան, որ այդ հիվանդության բարդություն հանդիսացող երիկամային անբավարարության զարգացման դեպքերը 16 տոկոսից հասցվել է 0-ի։ Այս խմբի երեխաների մոտ, ինչպես և նրանց հետագա կյանքում, կանխվել է երիկամային դիալիզի անհրաժեշտությունը, ինչը մեծ ծախսեր է պահանջում։ Ծախսարդյունավետության նման արդյունքներ են ապահովվում նաև «Արաբկիր» բժշկական համալիրում գործող մանկական ռևմատոլոգիայի, էպիլեպսիայի, աղեստամոքսաբանության, սուրդոլոգիայի և մի շարք այլ դիսպանսեր ծառայությունների շնորհիվ։ Դիսպանսեր հսկողության տակ գտնվող շուրջ 10 հազար երեխաների ու դեռահասների շրջանում այդ ծառայությունների գործունեությունը հանգեցրել է հիվանդությունների վաղ ախտորոշմանը, արդյունավետ բուժմանը և բարդությունների կանխարգելմանը։ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ էնդոկրինոլոգիական և մուկովիսցիդոզի դիսպանսեր ծառայություններ են գործում «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեցին երեխաների և դեռահասների առողջության պահպանման, մասնավորապես` դիսպանսեր հսկողության ոլորտի առանձին ծառայություններում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։ Մասնավորապես կարևորվեցին ախտորոշման ժամանակակից մեթոդների ներդրման, դեղորայքային կայուն ապահովման և այլ հարցեր։ Քննարկմանը մասնակցում էին «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը, դիսպանսեր ծառայությունների ղեկավարներ, նեղ մասնագետներ։

Նմանատիպ նյութեր