211652_close_icon
views-count28867 դիտում article-date 13:07 17-07-2016

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել այսօր առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ: Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ: ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջութամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար: Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար, ասված է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր