90129 դիտում
00:10 14-07-2016
ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ. մենք չէինք կարող մի կողմ քաշվել և թույլ տալ, որ մեր 18-20 տարեկան զավակները մենակ մնան նենգ ոսոխի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 14-ը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է: Այսօր Զորավարի 60-ամյակն է:
Մենք էլ ջերմորեն շնորհավորում ենք հոբելյարին եւ տոնական առիթն օգտագործելով` նրա հետ հարցազրույց ենք ունեցել:
[b]-Պարո´ն գեներալ, ի՞նչ հույզեր է առաջացնում փաստը, որ արդեն 60 տարեկան եք, ի՞նչ մտորումների տեղիք է տալիս:[/b]
-Շնորհալի մարդուն տարիքը շնորհք է ավելացնում: Մարդ երբեք չպետք է բավարարվի արածով, երբեք չպետք է հոգնի: Անշուշտ, տարիքի հետ, մարդու մտածողությունը փոփոխության է ենթարկվում: Ավելի պահպանողական ես դառնում: Սակայն, ընդհանուր արժեհամակարգը չի փոխվում: Եթե երիտասարդ տարիներդ նվիրել ես պետականության կայացմանը, ազգի հզորացմանը, ապա 60 տարեկանում էլ ուշք ու միտքդ այն է, որ ձեռքբերումները պահպանվեն: Կարեւոր է ոչ միայն ունենալը, այլեւ՝ ձեռքբերումները պահպանելը: Մարդը տարիքի հետ ավելի իմաստուն է դառնում: Ընտանիքը վերաճում է մի քանի ընտանիքների: Պապիկ ես դառնում՝ զավակների, թոռների ապագայի համար պատասխանատվության զգացումդ առավել է խորանում, եւ ավելի ու ավելի ես նվիրվում ազգդ, պետությունդ զորեղացնելու, հավերժացնելու սրբազան գործին: Ողջ էությամբ, ամեն մի բջիջով զգում ես, որ հանուն ընտանիքիդ, հանուն երեխաներիդ ու թոռներիդ պարտավոր ես ավելի պիտանի լինել պետությանդ, ժողովրդիդ: Հայ ժողովուրդը հավերժ է, տերն է զորավոր:
[b]
-Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից հեռանալուց հետո, լինելով պահեստազորում, զինվորական համազգեստ, եթե չեմ սխալվում, չէիք հագնում: Այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ դարձյալ հրամանատարական գործունեություն էիք ծավալում: Ինչպե՞ս ստացվեց:[/b]
-Գեներալը նախկին չի լինում: Ես համարում եմ, որ իմ պարտքն է, իմ պարտականությունն է ամբողջ հնարավորություններիս ներածի չափով ազգիս, հայրենիքիս, պետությանս պիտանի լինելը: Երկրապահը հայոց բանակի հիմնադիրն է, միշտ եղել է բանակի կողքին, բանակի հետ: Ադրբեջանական լայնամասշտաբ հարձակման պայմաններում մենք չէինք կարող մի կողմ քաշվել եւ թույլ տալ, որ մեր 18-20 տարեկան զավակները մենակ մնան ժամանակակից բարդագույն տեխնիկայով զինված նենգ ոսոխի դեմ: Մենք 20 ժամվա ընթացքում հասանք առաջնագիծ եւ ամբողջ սահմանի երկայնքով համալրեցինք բոլոր մարտական հենակետերը, ջոկերի, դասակների, վաշտերի կազմերը: Ես, բոլոր երկրապահներս ազգի զինվոր ենք:
[b]-Ի՞նչ կասեք բանակի մարտունակության մասին, նաեւ` նկարագրեք, թե ինչպե՞ս դասավորվեցին բանակի զինվորների եւ պատերազմական ստաժ ունեցող երկրապահների հարաբերությունները:[/b]
-Հայոց սահմաններն անառիկ ձեռքերում են: Այսօր սահմանին կանգնած է անկախության սերունդը, 1996-98 թվականներին ծնված տղաները, ովքեր իսկական հերոսներ են: Մենք գնացել էինք մեր երեխաներին ոգեւորելու, գոտեպնդելու, բայց մենք էինք իրենցից ուժ ստանում, ոգեւորվում: Ինչ վերաբերում է փոխհարաբերություններին, ապա գործել ենք հստակ կանոնակարգով: Սպայական կոչումներ ունեցող, լուրջ մարտական ուղի անցած մեր տղաները ենթարկվում էին հենակետի պատասխանատուին: Եղել է լիարժեք փոխվստահություն: Երկրապահը առաջնագծում էր երիտասարդ զինվորականությանը, երիտասարդ սպաներին օգնելու նպատակով, պրոցեսն էլ, բնականաբար, համաձայնեցվում էր պաշտպանության նախարարի եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Հասկանալի է, որ կա պետություն, որ այսօր ֆիդայության տարիները չեն: Հայկական զինուժը գործել է հստակ ձեւավորվող միասնական ծրագրով, եւ Երկրապահն էլ այդ միասնական ծրագրում իր հստակ անելիքն է ունեցել:
[b]-Եթե խոսենք քառօրյա պատերազմի արդյունքների մասին, Ձեր գնահատմամբ` մենք շահե՞լ ենք, թե՞ կորցրել:[/b]
-Մինչ Ձեր հարցին պատասխանելը երկու դիտարկում անեմ: Նախ`պատերազմում շահողներ չկան: Ժողովուրդը, պետությունը, որ
պատերազմի մեջ է, արդեն կորցնում է: Խելացի ղեկավարներն անում են ամեն ինչ, որպեսզի իրենց երկիրը, իրենց ժողովրդին զերծ պահեն պատերազմներից: Մենք էլ քրիստոնյա ժողովուրդ ենք, եւ բնականաբար, պատերազմ չենք կամենում: Բայց երբ
նավթադոլարներից արբած որոշ հաստագլուխներ աչք են տնկում մեր հողին, երբ արյունարբու ոսոխը զվարճանում է` քնած զառամյալ ծերունիներ ու անմեղ երեխաներ մորթելով, մենք ստիպված ենք դրանց իրենց տեղը դնել, ստիպված ենք այդ անիրավներին զենքով հանգստացնել: Եվ հաջորդ դիտարկումը: Այնքան էլ ճիշտ չէ քառօրյա պատերազմ արտահայտությունը: Ճիշտ է` ադրբեջանական ագրեսիայի չորրորդ օրը Մոսկվայում կրակը դադարեցնելու բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, բայց դրանից հետո էլ թեժ մարտեր եղան, ծանր կորուստներ ունեցանք: Ինչ վերաբերում է արդյունքին, ապա արդյունքը գնահատելիս պետք է հաշվի առնել, թե ինչ խնդիր էինք դրել մեր առջեւ: Ես վստահաբար կարող եմ ասել, որ հայկական զինուժը հստակորեն կատարել է մարտական առաջադրանքը, խափանել է ադրբեջանական կողմի մտադրությունները: Թաքցնելու բան չէ` որոշակի տարածքային կորուստ ունեցանք, այսինքն` ոչ թե տարածքների, այլ առանձին դիրքերի մասին է խոսքը: Հանկարծակի հարձակմամբ դրանք շատ էին կարողացել վերցնել: Հետո 90 տոկոսից ավելին հետ վերցրինք: Մնացյալը վերադարձնելու ժամանակն էլ կգա, պարզապես այս պահին խելամիտ չհամարվեց դա անելը եւս մի քանի տասնյակ լավ տղաների կյանքի գնով: Առանց այն էլ մենք շատ կորուստներ ունեցանք: Հերոս տղաներ նահատակվեցին, որոնց մենք չենք տարբերում 1989-94- ի պատերազմի զոհերից: Սա նույն պատերազմն է, նույնի շարունակությունն է:
[b]-Հիմա միջազգային հանրությունը Արցախյան խնդրում խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքեր է գործադրում: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:[/b]
-Բանակցությունները կարեւոր են, խնդիրը հարկավոր է կարգավորել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն, դա չի նշանակում, որ մենք թուլանալու իրավունք ունենք: Մենք օրվա 24 ժամն էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Ես հույսս երբեք չեմ դնում դրսի ուժերի վրա: Լուծումը մեկն է: Պետք է ուժեղ լինենք: Հանուն խաղաղության միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Մեր տարածաշրջանի խաղաղության միակ երաշխավորը հզոր հայկական բանակը կարող է լինել: Երբ կլինենք ուժեղ, կլինենք հզոր, մեր կամքը կթելադրենք նաեւ բանակցությունների սեղանի շուրջ: Բոլորիս խնդիրն է միասնական լինելը, միասնաբար Հայաստանի, Արցախի զորեղացմանը նպաստելը: Հենց այդ նպատակով է Երկրապահն այսօր եռասերունդ: Հենց այդ նպատակով ենք գործակցում պետության, պետականության հետ: Այդ նպատակով ենք գործընկեր կառույցների հետ պատանի եւ երիտասարդ երկրապահների համար անցկացնում հրամանատարասերժանտական դասընթացներ, կազմակերպում հանգիստը եւ ուսուցումը ամառային ճամբարում: Իմ խիղճը հանգիստ է: Ավելի քան վաթսունհազարանոց երկրապահական ընտանիքն ամեն օր, ամեն ժամ աշխատում, գործում, արարում, ապրում է հանուն վաղվա հզոր Հայաստանի, հանուն վաղվա բարեկեցիկ, պաշտպանված Արցախի:
[b]
-Այս տարի Հայաստանի եւ Արցախի անկախությունների 25-ամյակն ենք նշելու, ի՞նչ խորհուրդ ունի դա Ձեզ համար:[/b]
-Վերեւում Աստված է, ներքեւում` մայրը, մայրերը, առջեւում` մեր անկախությունը: Անկախ պետականությունը ձեռք է բերվել երկրապահ հայորդիների, հայ ժողովրդի կյանքի, առողջության գնով: Անկախությունը բացարձակ, անգնահատելի արժեք է: Երկրապահն էլ ակտիվ մասնակցություն է ունենալու 25-ամյակի միջոցառումներին: Մեր պետությունը, մեր ազգն արժանի են, որ հպարտորեն նշենք հոբելյանը: Իսկ անկախության խորհուրդը միասնական լինելն է: Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունը միասնաբար պետք է պայքարի համահայկական խնդիրների լուծման ուղղությամբ: Միասնությունն ուժ է, հայի զորեղության գրավականն է: Զենքից առավել է հայի միասնականությունը:
[b]Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ զրուցեց ֆոտոլրագրող ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԸ[/b]
[color=#EF2929]
Ներկայացնում ենք քառօրյա պատերազմի ժամանակ գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի բացառիկ ֆոտոռեպորտաժը:[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 422+
422+
Նմանատիպ նյութեր
105611 դիտում
12:44 30-09-2016
ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ՝ Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հետ. Անկախությունը բացարձակ արժեք է
77296 դիտում
08:35 25-11-2016
Հարցազրույց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի հետ
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)