211652_close_icon
views-count77302 դիտում article-date 08:35 25-11-2016

Հարցազրույց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի հետ

[b]- Հարգելի՛ գեներալ, նշվում է 5-րդ բրիգադի կազմավորման 24-րդ տարեդարձը։ Դուք եղել եք այդ լեգենդար բրիգադի հրամանատարը։ Ի՞նչ զգացումներ ունեք։ Եվ եթե կարելի է՝ համառոտ ներկայացրեք, թե ինչ կարեւորություն է ունեցել բրիգադը պատերազմի տարիներին։ [/b] - Տոնական տրամադրություն ունեմ։ Շնորհավորում եմ բրիգադի բոլոր մարտիկներին, նահատակված մեր քաջ մարտընկերների հարազատներին։ Ես ավելորդություն չեմ համարի բրիգադի կազմավորման օրվա կապակցությամբ պաշտպանության նախարարությանը եւ ողջ հայ ազգին շնորհավորելը։ 5-րդ բրիգադը կազմավորվել է Հանրապետության բոլոր տարածքների կամավորականների եւ զինծառայողների համագործակցությամբ։ Սա պատերազմի ամենաթեժ պահին եղել է ամենամեծ բանակային կազմավորումը՝ պաշտպանության բանակից հետո։ 5-րդ բրիգադի ջանքերով պաշտպանվել եւ ազատագրվել են հսկայական տարածքներ՝ Մարտակերտի, Հադրութի շրջանները, Ֆիզուլին։ Չի եղել որեւէ կարեւոր ճակատամարտ, որին բրիգադի ստորաբաժանումները, մարտիկները մասնակցած չլինեն։ Եվ «Լեգենդար բրիգադ», «Հաղթանակի բրիգադ» ձեւակերպումներն էլ հենց ժողովուրդն է տվել։ [b]- Բրիգադի մարտիկներն այսօր ինչ-որ կերպ մասնակցո՞ւմ են հայրենասիրական ձեռնարկներին։ [/b] - 5-րդ բրիգադի սպաներն ու զինծառայողներն իրենց առաքելությունն ավարտված չեն համարում։ Այս մարդիկ ամենակարեւոր բնագավառներում ծառայություն են մատուցում հայրենիքին։ Շատերը տարբեր ոլորտների մասնագետներ են։ Շատերը զինղեկներ են, շատերը ծառայում են հայոց բանակում։ Բայց բոլորը, նաեւ՝ մեր նահատակված մարտընկերների հարազատները, ներգրավված են ԵԿՄ հայրենասիրական ձեռնարկներում։ Բրիգադի մարտիկները մասնակցում են ուխտագնացություններին, սահմանամերձ բնակավայրեր, զորամասեր, մարտական հենակետեր այցելություններին։ Նրանք իրենց փորձառությունն են հաղորդում պատանի, երիտասարդ երկրապահներին, հայոց բանակի զինծառայողներին։ Այս տարվա ապրիլյան պատերազմն էլ ապացուցեց, որ 5-րդ բրիգադի մարտիկները հավատարիմ են երդմանը։ Տղաներից շատերը, զենքը ձեռքին, հայտնվեցին առաջնագծում։ 5-րդ բրիգադի մարտիկներն ակտիվորեն մասնակցում են պատանի, երիտասարդ երկրապահների հրամանատարասերժանտական դասընթացներին, սերունդների դաստիարակման, կրթման գործընթացին։ Նշածս հայրենասիրական ծրագրերում ընդգրկված են ոչ միայն 5-րդ բրիգադի մարտիկներն, այլեւ Արցախյան պատերազմի մասնակից շատ ու շատ երկրապահ կամավորականներ: Այսօր Երկրապահում համախմբված են ավելի քան 150 կամավորական ջոկատներ եւ ստորաբաժանումներ: Ի դեպ, մեզ ուժ են տալիս նաեւ մեր նահատակված մարտական ընկերները. նրանց հոգիները երկնքից էլ հսկում են մեր անդորրը: Տղաներն այսօր էլ շարքում են եւ մասնակից են մեր բոլոր ծրագրերին: [b]- Վերջին շրջանում տարբեր զինվորական գործիչների, հասարակական կազմակերպությունների կողմից կոչեր են հնչում՝ ուղղված Արցախյան պատերազմի մասնակիցներին, որ հարկավոր է մոբիլիզացնել ուժերը, կամավորականների հավաքագրում կատարել, պատրաստ լինել հակառակորդի ցանկացած սադրանքի։ [/b] - Այդ, ինչ որ ասվում է՝ Երկրապահի համար ապրելակերպ է, կյանքի բնականոն ռիթմ է՝ ինչպես շնչելն ու արտաշնչելը։ Երկրապահը 1989-ից առաջնագծում է։ Մինչ օրս մենք շարունակաբար լինում ենք Հայաստանի եւ Արցախի մարտական հենակետերում, զորամասերում, սահմանամերձ բնակավայրերում։ Կարծում եք՝ ինչո՞ւ մենք կարողացանք ապրիլի 2-ին անմիջապես մի քանի հազար հոգով կանգնել առաջնագծում։ Որովհետեւ այդ հաշվառում-հավաքագրումը Երկրապահում մշտապես է կատարվում է։ Երկրապահ զորամիավորում ստեղծելու աշխատանքներն էլ ավարտական փուլում են։ Ես միշտ ասել-կրկնել եմ, որ թուրքին վստահել չենք կարող, որ միշտ պետք է զգոն լինենք, փայտը ձեռքներիցս չպետք է դնենք։ Մեր տարածաշրջանն է պարտադրում աչալուրջ եւ մշտարթուն լինել։ Միշտ կա ազգի ներուժը կոնսոլիդացնելու, համախմբելու անհրաժեշտություն։ [b]- Կարծես հանրության կողմից ոչ միանշանակ ընդունվեց առաջնագծում զոհվածների, հաշմվածների հատուկ հաշվեհամարին բոլոր աշխատողներից ամսեկան հազարական դրամ փոխանցելու նախաձեռնությունը։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ [/b] - Շատ կարեւոր, լուրջ, հայրենասիրական նախաձեռնություն է։ Պաշտպանության նախարարը շատ ճիշտ էլ ձեւակերպեց՝ կարեւոր է, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոք աշխատավարձ ստանալու պահին հիշի հայոց բանակի, հայ դիրքապահի մասին։ Եթե բոլոր աշխատողները հատկացումներ անեն, առավել հարուստները, բնականաբար, ավելի ու ավելի շատ ներդրումներ կանեն։ Հայ ազգը պետք է միասնական լինի։ Այդ դեպքում բոլոր կարեւոր պրոբլեմները հայանպաստ լուծում կստանան։ Հենց սա է այն խնդիրը, որի շուրջ պետք է մեկտեղվեն Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայության ջանքերը։ Բոլորս բարոյական պարտք ունենք հանուն հայրենիքի զոհվածների, անհայտ կորածների, հաշմվածների ընտանիքների առաջ։ Գաղափարը շատ լավն է, բայց պետք է կարողանանք նաեւ ճիշտ ներկայացնել, պետք է կարողանանք ճիշտ կիրառել օրենքը: Եթե կան ինչ-ինչ թերություններ, կարելի է խորհրդակցել մասնագետների հետ, շտկումներ անել: Իսկ բուն նախաձեռնությունը, մի բան էլ ուշացած է: Ես պետք է ասեմ, որ այդ գործը 1993-ից սկսած, հիմնադրման պահից սկսած Երկրապահն անում է: Մենք մշտապես հնարավորությունների սահմաններում աջակցում ենք զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին: Աջակցում ենք ոչ միայն նյութապես, այլեւ՝ իրավունքների պաշտպանության ոլորտում, բարոյապես: Աջակցում ենք այս խավին ուսում ստանալու, աշխատանքի տեղավորվելու հարցերում: Մենք պետք է նպաստենք, որ զոհվածի երեխան, թոռը, հաշմանդամի ընտանիքի անդամները կարողանան կրթություն ստանալ, հետո էլ՝ իրենց մասնագիտական կարողությունները ծառայեցնեն ի փառս հայրենիքի, ի շահ իրենց ընտանիքների եւ հայ ազգի: Կրկնեմ՝ Երկրապահն արդեն 23 տարի է, որ տվյալ գաղափարը կյանքի է կոչում: Վաղուց ժամանակն էր, որ պետությունը նման նախաձեռնությամբ հանդես գար: Բայց եւ, դարձյալ կրկնեմ՝ պետք է ամեն դետալի վերաբերյալ ուշադիր լինենք, որ չվարկաբեկենք լավ գաղափարը, չփչացնենք գաղափարը: Սա պետք է նպաստի մեր ազգի միասնականությանը: [b]- Որոշակի դժգոհությունների տեղիք տվեց նաեւ հայ-ռուսական համատեղ կազմավորում ստեղծելու նախաձեռնությունը: Դա սպառնո՞ւմ է մեր ինքնուրույնությանը: [/b] - Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը միշտ էլ եղել է: Համատեղ կազմավորումն էլ նորություն չէ: Դեռ 90-ականներից ենք ԱՊՀ արտաքին սահմանի հսկողությունն իրականացնում համատեղ: Եվ դրա անհրաժեշտությունն ունենք՝ հատկապես Թուրքիայի սահմանին: Սա ոչ թե ինքնուրույնության զիջում է, այլ՝ անվտանգության ամրապնդում: Ադրբեջանի հետ մեր հարցերը կարողանում ենք լուծել: Ինչպես 1989-94-ի պատերազմում կարողացանք դրանց հրադադար պարտադրել, ինչպես այս տարվա ապրիլյան արկածախնդրությունը պաժեցինք, նույն կերպ պատրաստ ենք դրանց ցանկացած սադրանք պատժել: Բայց Թուրքիայի հետ սահմանին ռուսական զենքի եւ զորքի կարիքն ունենք: Դա մեզ առավել պաշտպանված, առավել զորեղ է դարձնում: [b]Հարցազրույցը վարեց ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր