6 մեդալ` մեկ օրում. Թուրքիայի Տրաբզոն քաղաքում շարունակվում է դպրոցականների 16-րդ Գիմնազիադան
Թուրքիայի Տրաբզոն քաղաքում շարունակվում է դպրոցականների 16-րդ Գիմնազիադան:
Ինչպես տեղեկացնում է Տրաբզոնում մեր պատվիրակության ղեկավար, ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ, դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի քարտուղար Արման Այվազյանը, այսօր հայ մարզիկները մեդալների մեծ ավարով ավարտեցին մրցումային օրը:
«Ուշադրության կենտրոնում էին հատկապես ազատ ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացրած 4 ազատ ոճայիններից երկուսը նվաճեցին արծաթե, երկուսը՝ բրոնզե մեդալ:
55 կգ քաշային Կարեն Զուրաբյանը երկու տպավորիչ հաղթանակ տարավ, այնուհետև կրեց մեկ պարտություն ու բավարարվեց արծաթե մեդալով: 66 կգ քաշային, վանաձորցի Գառնիկ Ղազարյանը երկու հաղթանակ տոնելուց հետո եզրափակչում համառ պայքարում զիջեց հնդիկ ըմբիշին, և նույնպես արժանացավ արծաթե մեդալի: Իսկ ահա 46 կգ քաշային Հունան Մանվելյանն ու 60 կգ քաշային Մերուժան Մանուկյանը կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Մեր ազատ ոճի ըմբիշները Տրաբզոնում հանդես եկան Հարություն Նալբանդյանի գլխավորությամբ:
Բրոնզե մրցելույթներ ունեցան նաև սուսերամարտի ու նետաձգության մեր պատվիրակները:
Սուսերամարտի՝ ճկասուսերակրուհիների պայքարում Սեդա Գևորգյանը կրկնեց իր թիմակցի՝ Պարգև Ստեփանյանի երեկվա հաջողությունը, իսկ նետաձգության խառը զուգակրակոցում պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Արման Ապրեսյանն ու Հայկուհի Մարգարյանը: Մեդալների լուրջ սպասելիքներ կան նաև մեր մարզիկների վաղվա մրցելույթներից»,-Տրաբզոնից հաղորդեց Արման Այվազյանը: