211652_close_icon
views-count2236 դիտում article-date 15:57 07-07-2016

Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է պարոն Ավակովին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այսուհետ գրասենյակի հետ Հայաստանի խորհրդարանի աշխատանքը կլինի էլ ավելի արդյունավետ: Խորհրդարանի ղեկավարը, բարձր գնահատելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը, նշել է, որ Հայաստանի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ ի սկզբանե ձեւավորվել է սերտ համագործակցության ավանդույթ, ինչի արդյունքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ խորհրդարանական ձեւաչափով Ազգային ժողովն ակտիվորեն ներգրավված է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է. «Թեեւ ԵԱՀԿ գրասենյակի մանդատը չի ներառում հակամարտության հետ կապված հարցերում որեւէ մասնակցություն, այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ Դուք, ապրելով Հայաստանում, տեսնում եք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Հայաստանի իշխանությունների համար կարեւորագույն խնդիր է, եւ Հայաստանն ամեն ինչ անում է՝ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ համաձայնեցված ձեւաչափով խաղաղ լուծելու համար»: Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական եւ մարդու իրավունքների ոլորտներում ծրագրերի իրականացումը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի եւ երեւանյան գրասենյակի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում: Արգո Ավակովը շնորհակալություն է հայտնել ՀՀ Աժ նախագահին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին խորհրդարանի կողմից ցուցաբերված աջակցության համար եւ պատրաստակամություն հայտնել համատեղ գաղափարներ ու ծրագրեր իրականացնելու հարցում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացված աշխատանքներին, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի ընդունմանն ու այդ գործընթացներում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցությանը: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացներին՝ ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ անելիքները շատ են, պետք է մշակվեն եւ ընդունվեն մոտ երեք հարյուր օրենքներ:

Նմանատիպ նյութեր