Ժոզե Մոուրինյո. Ունենք երկու նորեկ, շուտով կլինի երեք. տեսանյութ
«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր նշանակումից հետո տվել է առաջին մամուլի ասուլիսը:
«Սա աշխատանք է, որ յուրաքանչյուրը կցանկանար, և ես այն ստացա: Գիտակցում եմ ակումբի ակնկալիքներն ու պատմությունը, հասկանում եմ, թե ինչ կա իմ թիկունքում: Դա հրաշալի խթան է: Կարծում եմ, որ գտնվում եմ այնտեղ, որտեղ ցանկանում էի:
Ես ցանկանում էի աշխատել Անգլիայում: Ափսոս, որ Չեմպիոնների լիգա չի լինելու: Ակումբը շատ ավելի կարևոր է իմ համար: 2017թ. հուլիսին մենք պետք է համոզվենք, որ խաղալու ենք Չեմպիոնների լիգայում, ոչ թե սպասելու ենք Եվրոպայի Լիգային:
«Յունայթեդի» երկրպագուների համար հաջողությունները էական են, և ես ցանկանում եմ, որ նրանք մոռանան այս վերջին երեք տարիները: Որ խաղացողներն էլ մոռանան: Եթե մենք խաղացողների հետ չցանկանանք ինչ որ բան ապացուցել ինքներս մեզ, աշխատելն անիմաստ է:
Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա մենք ունենք երեք նորեկ: (Շրջվելով մամուլի պատասխանատուի ուղղությամբ. «Երե՞ք»: «Պաշտոնապես առայժմ երկու», պատասխանել է մամուլի խոսնակը»): Բարի, ունենք երկու նորեկ և շուտով կլինի երրորդը», ասել է Մոուրինյոն` նկատի ունենալով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը շուտով պաշտոնապես կհամալրի Մոուրինյոյի թիմի շարքերը: