211652_close_icon
views-count2247 դիտում article-date 10:06 05-07-2016

ՀՀ Սահմանադրությունն այսօր դարձավ 21 տարեկան

Հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության օրը: 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեի դրվեց Մայր օրենքի նախագիծը և արժանացավ ժողովրդի հավանությանը: Այն անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր և հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։ Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։ 2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։ ՀՀ Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկվեց նաև 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեով: Հայաստանում փոխվեց ԱԺ ձևավորման ընտրակարգը` խառը ընտրակարգից 100 տոկոսանոց համամասնական: Երկիրն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի:

Նմանատիպ նյութեր