103148 դիտում
09:10 05-07-2016
Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի Դաշնությունում սպանություն կատարած ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 5-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ռուսաստանի Դաշնության քր.օր-ի 105 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով Ռուսաստանի Դաշնության Ներքին Գործերի Նախարարության Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադյան մարզի Տոսնենսկի շրջանի ներքին գործերի բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մարտիրոսյանը Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Գրիգորյանի վարորդն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները ղեկավարել են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:
Օպերատիվ խմբերը բաժանված են եղել մի քանի մասի և դարանակալումները եղել են մի քանի հասցեներում, քանի որ ոստիկանները տեղեկություններ էին ստացել նաև, որ պատգամավորի վարորդը շրջում է տարբեր տեսակի ավտոմեքենաներով և դրանց ապակիներն ամբողջովին մգեցված են եղել, սակայն մութ ապակիներն էլ չփրկեց «մեծն» պատգամավոր Հ. Գրիգորյանի վարորդին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում սպանության կասկածանքով հայտնաբերված Ա. Մարտիրոսյանն ասում էր, որ դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերին, և այդ մարդիկ 2 հոգով փորձել են իրեն սպանել և ինքն ինքնապաշտպանվել է:
Ա. Մարտիրոսյանը կալանավորված է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+