211652_close_icon
views-count14010 դիտում article-date 23:52 05-07-2016

Մարտնչող անաստվածների հանցագործությունները

Խորհրդային բռնազավթման տարիներին զանգվածաբար հալածվել են հոգևորականներն ու հավատացյալները, թալանվել եկեղեցական գանձերն ու հարստությունները, ավերվել բազմաթիվ եկեղեցիներ, բռնագրավվել եկեղեցապատկան գույքն ու շինությունները: Այդ գործում նշանակալի դեր է ունեցել մի կազմակերպություն, որն ավելի շատ անդամ ուներ, քան կոմկուսը: 1924 թվականին Մոսկվայում կազմավորվում է «Բեզբոժնիկ» («Безбожник», 1922-1941) թերթի շուրջ համախմբված մարդկանց ընկերություն՝ «Բեզբոժնիկ» թերթի բարեկամների ընկերությունը (Общество друзей газеты «Безбожник» ОДГБ): Ընկերության՝ 1925 թվականին կայացած 1-ին համագումարը հիմնադրում է «Անաստվածների միությունը»: 1922-1928թթ. նրանց նախաձեռնությամբ և մատնագրերով ձերբակալվում և բանտարկվում են հարյուրավոր հոգևորականներ և հավատացյալներ: Միայն 1922թ-ին ձերբակալվում են 8100 մարդ: Անաստվածների երկրորդ համագումարում (1929թ.) կազմակերպությունը վերանվանվում է «Մարտնչող անաստվածների միություն»: Ղեկավար է նշանակվում Ստալինի հավատարիմ զինակից, հին բոլշևիկ, հայտնի կոմունիստական գործիչ Եմելյան Յարոսլավսկին (իսկական անունը՝ Մինեյ Իսրայելի Գուբելման): Միության աշխատանքները ղեկավարում էին հայտնի կոմունիստներ Պյոտր Կրասիկովը, Նադեժդա Կրուպսկայան, Անատոլի Լունաչարսկին, Վլադիմիր Բունչ-Բուրևիչը և ուրիշներ: [img]/ups/images/0608417001467645321745117.jpg[/img] [i]Եմելյան Յարոսլավսկի, Պյոտր Կրասիկով, Նադեժդա Կրուպսկայա, Անատոլի Լունաչարսկի, Վլադիմիր Բունչ-Բուրևիչ[/i] Մարտնչող անաստվածների միությունը գաղափարական պայքար էր մղում քրիստոնեության և քրիստոնյաների դեմ, կազմակերպում հակակրոնական շարժում: Այդ նպատակով միությունը ծավալում էր աթեիստական քարոզչություն, հրատարակում աստվածամերժություն և աստվածանարգություն քարոզող գրականություն (ընդհանուր՝ 12 միլիոն էջ), պարբերականներ («Безбожник», «Антирелигиозник», «Воинствующий атеизм», «Юные безбожники», «Деревенский безбожник» հանդեսները և այլն), սակայն նրանց հիմնական զբաղմունքը հոգևորականների և հավատացյալների դեմ կեղծ մատնագրեր կազմելն էր, որոնց հիման վրա վերջիններիս բանտարկում, աքսորում ու գնդակահարում էին: [img]/ups/images/00183400014676453359159.jpg[/img] «Մարտնչող անաստվածների միությունը» ղեկավարվում էր «կրոնի դեմ պայքարը՝ պայքար է հանուն սոցիալիզմի» նշանաբանով, հենվելով ԽՄԿԿ որոշումների և գիտական աթեիզմի սկզբունքների վրա: Նրանց նախաձեռնությամբ Խորհրդային միությունում արգելվում են կրոնական մոտիվներով ստեղծագործությունները, այդ թվում՝ Բախի, Մոցարտի, ինչպես նաև՝ Դոստոևսկու և այլ համաշխարհային մեծությունների աստվածաշնչյան մոտիվներով ստեղծագործությունները: [img]/ups/images/0911486001467645344413478.jpg[/img] [i]Մարտնչող անաստվածների միության տոմսն ու զինանշանը[/i] Միության անդամները սոցիալիզմի կառուցման ճանապարհին հալածում էին հոգևորականներին, ծաղրում էին հավատացյալներին, որոնք նշում էին քրիստոնեական տոները: Նրանց ջանքերով խորհրդային բռնազավթման առաջին տասնամյակներում ժողովուրդը չէր նշում Սուրբ Ծնունդը և Զատիկը: [img]/ups/images/0245354001467645358534651.jpg[/img] Աստվածամերժության քարոզչության, ինչպես նաև՝ հոգևորականների և հավատացյալների դեմ հալածքների, եկեղեցիների և մատուռների պղծման և ավերման մեթոդները մշակում էին Մարտնչող անաստվածների միության անդամները: Նրանք էին կազմում աթեիստական ծրագրեր դպրոցների և բուհերի համար: Խորհրդային իշխանությունները նրանց ձեռքով էին իրագործում եկեղեցիների ավերման և պղծման հանցագործությունները: [img]/ups/images/007204500146764536940147.jpg[/img] Եկեղեցու և հավատացյալների դեմ լայնածավալ բռնությունները տեղի են ունենում 1929-1933թթ.՝ ձերբակալվում և աքսորվում են 40.000 հոգևորականներ և հավատացյալներ: Այդ տարիներին Մարտնչող անաստվածների միության անդամների թիվը հասնում է 5.670.000-ի (կոմունիստական կուսակցությունն այդ ժամանակ ուներ 1.8 մլն անդամ): [img]/ups/images/0837463001467645379668041.jpg[/img] [i]Մարտնչող անաստվածների միության համագումարի պատվիրակները Լենինի արձանի տակ[/i] Սակայն 1933-ին միջազգային հանրության պահանջով խորհրդային իշխանությունները դադարեցնում են հովանավորել անաստվածների միությանը, և 1935թ-ին նրա անդամների թիվը նվազում է մինչև 350.000: [img]/ups/images/0342402001467645391614358.jpg[/img] 1937-1938թթ. կարմիր տեռորը կրկին ահագնանում է, և «Մարտնչող անաստվածների միությունը» կրկին ակտիվացնում է գործունեությունը, բացվում են 96.000 տեղական գրասենյակներ, իսկ անդամների թիվն աճում է և 1940թ-ին հասնում 3,5 միլիոնի: Նրանց օգնությամբ և մատնագրերով 1937թ-ին ձերբակալվում են 136.900 հոգևորականներ, որոնցից 58.000 գնդակահարվում են, 1938թ-ին ձերբակալվում են 28.300-ը, գնդակահարվում՝ 21.500-ը, 1939թ-ին ձերբակալվում են 1500-ը, գնդկահարվում 900-ը, 1940-ին ձերբակալվում են 5100, գնդակահարվում՝ 1100-ը, 1941թ-ին ձերբակալվում են 4000-ը, գնդակահարվում՝ 1900-ը: [img]/ups/images/0423304001467645403617914.jpg[/img] 1927 թվականին անաստվածների միության մասնաճյուղ է կազմավորվում նաև բռնազավթված Հայաստանում (Արտաշատի շրջանի Բուրաստան գյուղում): 1928 թվականին միության առաջին համագումարը հաստատում է միության կանոնադրությունը, ընտրում կենտրոնական խորհուրդ: Մինչ այդ Հայաստանում լայնորեն ծավալվում էր հակաքրիստոնեական պայքարը: Դեռ 1922թ.-ին ամբողջ Խորհրդային միությունում բռնագրավվում են եկեղեցու գանձերն ու հարստությունները, այդ թվում թալանում են Էջմիածինը: 1923թ. հունվարին հայ եկեղեցուց խլում են եկեղեցապատկան ու վանքապատկան հողերի մեծ մասը, պետականացնում են Էջմիածնի վանքի թանգարանը: 1927թ. անաստված կոմունիստները սպանում են Խոր Վիրապի վանահայր Տ. Կարապետ վրդ. Աստվածատրյանին և Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ Տ. Գյուտ եպս. Տեր-Ղազարյանին: 1929 թվականին հիմնադրվում է «Հայաստանի Մարտնչող անաստվածների միությունը», որի աշխատանքներին մասնակցում են Հայկ Գյուլիքևխյանը, Հայկ Ազատյանր, Գուրգեն Վանանդեցին, Դանիել Դզնունին և այլ նշանավոր կոմունիստներ: Միությունը հրատարակում է «Անաստված» (1928-1934) հանդեսը: Մարտնչող անաստավածների ի հայտ գալուց հետո համատարած փակվում են վանքերը, եկեղեցիներն ու ծխական դպրոցները, հալածվում և ձերբակալվում են հոգևորականները, իսկ հավատացյալները հրապարակային ծաղրի և պարսավանքի են ենթարկվում: [img]/ups/images/0136148001467645418733755.jpg[/img] [i]Հայկ Գյուլիքևխյան, Հայկ Ազատյան, Գուրգեն Վանանդեցի[/i] Խորհրդային կառավարության կողմից ֆինանսավորվում և ամեն կերպ խրախուսվում էին Մարտնչող անաստվածների միության հանցագործությունները: Վերջիններս տարրալուծիչ ու հակաքրիստոնեական գործունեությամբ ամեն կերպ փորձում էին արատավորել Եկեղեցին, եկեղեցականներին, հրապարակային ծաղրի էին ենթարկում հավատացյալներին: Անգամ, հայկական եկեղեցիները օրինական տերերից խլելով, տրամադրվում էին անաստվածներին: Այդպես, 1931թ., Երևանի Կաթողեկե եկեղեցին տրամադրվում է «Ազատ եկեղեցականներին», իսկ ս. Գրիգոր Լուսավորիչը՝ «Մարտնչող անաստվածների միությանը»: 30-ական թվականների սկզբներին Հայաստանում սկսվում է եկեղեցիների ավերման գործընթացը: Այդ թվականներին Հայաստանում մոտ 800 եկեղեցիներ են փակվում ու վերածվում կոլտնտեսության պահեստների, ակումբների ու գոմերի: 1930թ. Երևանում Մարտնչող անաստվածների միության անդամները պայթեցնում են Նորքի ս. Սիմեոն Ծերունի եկեղեցին, 1931-ին՝ ս. Պողոս-Պետրոս եկեղեցին, որի տեղում հետագայում կառուցվում է «Մոսկվա» կինոթատրոնը: [img]/ups/images/0986521001467645439370730.jpg[/img] [i]Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին Երևանում 100 տարի առաջ[/i] 1937թ.-ին աքսորվում են բազմաթիվ հայ հոգևորականներ և հավատացյալներ, գնդկահարվում են 200 հայ հոգևորականներ, իսկ շատերի ճակատագիրն էլ անհայտ է մինչ այսօր: Գնդակահարվել են Էջմիածնի միաբան հայ բարձրաստիճան հոգևորականներ՝ Բագրատ եպիսկոպոսը, Թադե եպիսկոպոսը, Իսահակ եպիսկոպոսը, Արտակ եպիսկոպոսը, Դանիել վարդապետը և շատ ուրիշներ: 1938թ. ապրիլ 5-ի լույս 6-ի գիշերը խորհրդային պետական անվտանգության գործակալները մարտնչող անաստվածների հետ միասին խեղդամահ են անում Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանին: Չնայած կառավարության ձեռնարկած խստիվ միջոցներին, վեց հավատացյալ կանայք խեղդամահ Կաթողիկոսի դին տանում և գաղտնի թաղում են ս. Գայանե եկեղեցու գերեզմանատանը: Այս ամենը դեռ վերջը չէր: Մայր Աթոռը հիմնովին թալանվում է, և նույնիսկ, հայ ջանասեր կոմունիստների կողմից Ս. Էջմիածինն ընդհանրապես փակելու և այն թանգարանի վերածելու միջոցներ են ձեռք առնվում, այդպիսով նպատակ ունենալով վերջ տալ Հայ Եկեղեցուն՝ որպես հոգևոր հաստատության: [img]/ups/images/0456838001467645454736797.jpg[/img] [i]Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյան[/i] 1938թ. օգոստոսի 4-ին, Մարտնչող անաստվածների միության ակտիվիստների կողմից Ստալինին ուղղված նամակում ասվում է. «1937 թվին Էջմիածնում աշխատում էին 70-75 հոգևորականներ, որոնցից շատերը ձերբակալվել են: Ներկայումս Էջմիածնում մնացել են 7 մարդ՝ եկեղեցու սպասավորներ: Հայաստանի Կոմ(բ)Կուսի Կենտկոմը, քննարկելով Էջմիածնի վանքի հարցը, որոշել է փակել Էջմիածնի վանքը, այն վերածելով թանգարանի, նոր Կաթողիկոսի ընտրություններ չանցկացնել և լիկվիդացնել հայ հոգևորականության կենտրոնը»: [img]/ups/images/0820124001467645473142843.jpg[/img] Մարտնչող անաստվածների միության գործունեությունը Ստալինը դադարեցնում է 1941 թվականին՝ սովետա-գերմանական պատերազմի առաջին օրերին, որպեսզի ստանա հավատացյալ ժողովրդի աջակցությունը: Իսկ պատերազմի ժամանակ միջազգային հանրության (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) պահանջով Ստալինը լուծարում է «Մարտնչող անաստվածների միությունը»: 1947թ.-ից անաստվածների պարտականությունները տրվում են «Գիտելիք» ընկերությանը, որը զբաղվում է միայն աթեիստական քարոզչությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր