Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Ղազախստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ
Հուլիսի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ղազախստանի ԱԳ նախարար Էրլան Իդրիսսովին, ով Երևան է ժամանել` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:
Ողջունելով իր ղազախ պաշտոնակցին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց Ղազախստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ։
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` նախարար Իդրիսսովն իր հերթին նշեց, որ Ղազախստանը շահագրգռված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով: Ղազախստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրություններին իր երկրի թեկնածությունը սատարելու համար։
Զրուցակիցները քննարկեցին Ղազախստանի նախագահի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանը և Էրլան Իդրիսսովն անդրադարձան ընթացիկ տարի նախատեսված` հայ-ղազախական միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին:
Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խթանմանն ուղղված հարցեր։