Արցախում ծառայություն կատարող զինծառայողն ո՞ւմ նվիրեց իր հեղինակային երգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օրեր առաջ ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Եսայանը նամակով դիմել էր Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանին՝ հանդիպելու խնդրանքով:
Չմերժելով զինվորի խնդրանքը՝ Ռուզաննա Խաչատրյանը սիրով ընդունեց նրան: Ջերմ զրույցի ընթացքում Ռուբենը անկեղծորեն պատմեց ծառայության, ապրիլյան պատերազմի ժամանակ իր կրած դժվարությունների, սիրած աղջկա և այն երազանքի մասին, որ կցանկանար հանդիպել ու մոտիկից տեսնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, սեղմել նրա ձեռքը. հետո ամոթխած բացահայտեց մի գաղտնիք ևս, որ ունի հեղինակած երգ` նվիրված Արցախի հերոս Սեյրան Օհանյանին:
2016 թ. հունիսի 27-ին ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունեց զինվոր Ռուբեն Եսայանին: Հանդիպման ընթացքում նրանք զրուցեցին ծառայողական խնդիրների, պարտականությունների, ընտանեկան հարցերի շուրջ: Նախարարը շնորհակալություն հայտնեց իրեն նվիրված երգի ջերմ խոսքերի համար և մաղթելով զինվորին բարի ծառայություն՝ հորդորեց, որ ապագայում սիրով ընտանիք կազմի, շատ զավակներ ունենա, շենացնի հայրենիքը... Իսկ ինքը մշտապես կանգնած է հայ զինվորի, սպայի, հայրենիքին նվիրյալ պաշտպանների կողքին և ուժերի ներածին չափով սատարելու է նրանց ընտանիքներին:
-Մենք թշնամուն հաղթելու ենք մեր միասնությամբ, հայրենիքի և միմյանց նկատմամբ հավատով, սիրով և պայքարի անհաղթելի ոգով:


