211652_close_icon
views-count1094 դիտում article-date 18:53 27-06-2016

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հայտարարությունը` 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկի 75-ամյակի կապակցությամբ

ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության. Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների հայտարարությունը՝ 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկի 75-ամյակի կապակցությամբ, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ, Վիեննա, 23 հունիսի 2016թ. 1941թ. հունիսի 22-ին մեր երկրների ժողովուրդները ենթարկվեցին համաշխարհային պատմության ամենասարսափելի հարձակմանը, որի նպատակն էր ոչ միայն զավթողականությունը, այլև ողջ մնացածաների լիակատար ոչնչացումը և ստրկացումը: Խորհրդային Միության վրա հիտլերյան Գերմանիայի և նրա դաշնակիցների հարձակումը հարցականի տակ դրեց մեր ժողովուրդների՝ ապագա ունենալու հնարավորությունն իսկ: Հայրենական Մեծ պատերազմը դարձավ Եվրոպայի պատմության առավել ողբերգական էջէրից մեկը: Նացիստների հանցագործությունները, ներառյալ՝ Հոլոքոստը, կրակի հանձնված քաղաքները և գյուղերը, մահվան ճամբարները ծանր վերքեր պատճառեցին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներին, ինչպես նաև նրանց արտերկրյա համայնքներին, որոնք իրենց կարևոր ներդրումն էին ունեցել ընդհանուր Հաղթանակին հասնելու գործին: Հանուն Հաղթանակի նրանք 27 մլն կյանք զոհեցին, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր զոհերի թվի գրեթե կեսն է: Այդ ժամանակ հակահիտլերյան կոալիցիայի անդամները կարողացան վեր կանգնել ամբիցիաներից և իրենց բաժանող տարաձայնություններից, որպեսզի միասին դիմակայեն ընդհանուր թշնամուն և ջախջախեն հանցավոր գաղափարախոսությունը: Այդ հերոսական օրերի օրինակը արդիական է նաև այսօր՝ նոր սպառնալիքներին ընդառաջ: Բացահայտորեն իրականացվում է նացիստական գաղափարների և արժեքների քարոզում, հնչում են էթնիկ հողի վրա բռնությունների կոչեր: Նեոնացիստական շարժումները և խմբավորումները, աջ ծայրահեղական կուսակցականները բացեիբաց գործունեություն են ծավալում ԵԱՀԿ տարածաշրջանի մի շարք երկրներում՝ կիրառելով նացիստական սիմվոլիկա ու կարգախոսեր: Փորձ է կատարվում հավասարեցնել զոհին և դահճին, հերոսի շարքին դասել նացիստներին և նրանց հետնորդներին: Առավել սարսափելի է, որ այդպիսի երևույթները տեղի են ունենում նաև այնպիսի երկրներում, որոնք հենց իրենք են անցել պատերազմի դժվարագույն փորձությունների միջով: Հետպատերազմյան պատմության մեջ մեկ անգամ չէ, որ ատելության հռետորաբանությունը հանգեցրել է զանգվածային բռնությունների և դաժան սպանությունների, որոնք իրենց վայրագություններով հիշեցնում են նացիստների հանցագործությունները: Այս ամենը անարգում է միլիոնավոր զոհերի հիշատակը, սպառնում ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին, լարվածություն հրահրում ԵԱՀԿ տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով մեր երկրները հետևողականորեն հետ են մղելու նրանց, ովքեր ձգտում են վերանայել պատերազմի արդյունքները և աղավաղել պատմությունը: Մենք վճռականորեն դատապարտում ենք նացիզմի հերոսացման ցանկացած փորձ, նեոնացիստական տրամադրությունների աճը և պատմությունը վերափոխելուն, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների խեղաթյուրմանը ու վերանայմանն ուղղված ջանքերը: Անթույլատրելի ենք համարում բաժանարար գծերի ու փակ սահմանների, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանցմամբ պատժամիջոցների պահպանումը և նորերի ի հայտ գալը: Ողբերգական այդ տարիների դասերը վկայում են այն բանի մասին, որ բազմաթիվ մարտահրավերներին օպտիմալ պատասխաններ գտնելու ուղղությամբ կոլեկտիվ դիվանագիտական աշխատանքն այլընտրանք չունի: Վստահ ենք, որ իրական անվտանգությունը պետք է լինի հավասար և անբաժանելի՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և կառուցողական համագործակցության վրա: Մեր պետությունները հաստատում են իրենց վճռականությունը՝ առավելագույն ջանք գործադրելու խաղաղության պահպանման, զինված հակամարտությունների կանխարգելման, վեճերի խաղաղ կարգավորման, միջազգային անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով: Հիմք ենք ընդունում այն հանգամանքը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ և միջազգային այլ փաստաթղթերում ամրագրված արդյունքների ամբողջական ճանաչումը հրամայական է բոլոր պետությունների համար անխտիր:

Նմանատիպ նյութեր